Բաժիններ՝

ՀՖՖ նախագահի հայտարարությունը 2015/16 թ. ակումբների արտոնագրման և վերահսկողության համար

ՀՖՖ Արտոնագրման բաժինն սկսում է 2015/2016 թվականների արտոնագրային մրցաշրջանը՝ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության և ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակից ակումբների համար:

Ինչպես նշում է armsport.am կայքը, այդ կապակցությամբ ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացնում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն իր մեջ ներառում է ՀՖՖ Արտոնագրման համակարգի քաղաքականությունը, ինչպես նաև երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակային խնդիրները:

Դրանք հաստատվում են 3 տարի ժամկետով և ամենամյա վերահաստատման սկզբունքով: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս նախագահի ծրագրային հայտարարությունն ազդարարում է 2015/2016 թվականների արտոնագրային մրցաշրջանի սկիզբը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

Սույն հայտարարությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես սկսում է իր` ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի հերթական մրցաշրջանը, որին կմասնակցեն 2015/2016 թվականների մրցաշրջանի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակից թեկնածու թիմերի մայր ակումբներն ու ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ակումբային մրցաշարերին հանդես գալու իրավունք ստացած ակումբները:

Նախատեսված է, որ նոր` 2015/2016 թվականների մրցաշրջանը կսկսվի 2015 թվականի օգոստոս ամսին, ուստի ակումբների արտոնագրման և վերահսկողության գործընթացն ընթանալու է նախորդ մրցաշրջանում կիրառված ժամանակացույցով` իր մեջ ներառելով որոշակի փոփոխություններ: Հարկ եմ համարում նշել, որ արդեն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ ամբողջական կերպով կիրառվեց ակումբների վերահսկողության գործընթացը, որպես ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի բաղկացուցիչ մաս: Գալիք մրցաշրջանում ևս այն իր ուրույն տեղն է ունենալու ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգում:

Մասնակից ակումբներն արդեն նախորդ մրցաշրջանում հասցրել են ամրապնդել իրենց փորձառությունն այս ասպարեզում, ինչը միանշանակորեն նպաստելու է այս ոլորտում նրանց ցուցանիշների բարձրացմանն ու բարելավմանը գալիք արտոնագրային մրցաշրջանում: Իմ կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակազմին, և կասկածից վեր է, որ Արտոնագրման բաժնի աշխատակիցները, ինչպես միշտ, բազմակողմանի օժանդակություն կտրամադրեն արտոնագրման թեկնածու ակումբներին` համակարգի պահանջներին նրանց համապատասխանելիությունը հերթական անգամ ապահովելու համար:

Տեղին է նշել, որ ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակիցները ժամանակ առ ժամանակ վերապատրաստման դասընթացներ են անցնում ՈՒԵՖԱ-ի մասնագետների կողմից: Ինչպես նախորդ մրցաշրջանների ընթացքում, գալիք մրցաշրջանում ևս նախատեսված են մի շարք վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ ինչպես Արտոնագրման բաժնի աշխատակիցների, այնպես էլ ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների համար:

Միաժամանակ, ես ակնկալում եմ, որ բոլոր ակումբներն անխտիր նույնպես պատրաստակամություն և պատասխանատվություն կդրսևորեն այս աշխատանքների նկատմամբ, ինչը թույլ կտա այս գործընթացն ավարտել հաջողությամբ: Հավելեմ, որ ակումբների արտոնագրման համակարգը և վերահսկողության գործընթացը նպաստում են ակումբների` ՈՒԵՖԱ-ի կողմից պահանջվող միջազգային ստանդարտներին համապատասխան գործունեությանը և պրոֆեսիոնալ աշխատանքին:

Ընթացիկ մրցաշրջանում կկիրառվի 2014 թվականի հոկտմբերի 30-ին ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից հաստատված ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի նոր կանոնակարգը (2014 թվականի խմբագրություն): Վերջինս հիմնված է ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի 2012 թվականի խմբագրության կանոնակարգի վրա:

Ակումբների արտոնագրման համակարգում և ակումբների վերահսկողության գործընթացում ՀՖՖ որդեգրած քաղաքականությունն ու նպատակային խնդիրները համապատասխանում են ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման և ֆինանասական արդար խաղի համակարգի կողմից սահմանված Ակումբների արտոնագրման որակի ստանդարտի (2012 թվականի խմբագրություն) պահանջներին:

Շարունակելով ձևավորված ավանդույթը և հիմնվելով նախորդ մրցաշրջանների արդյունքների վրա` ստորև ձեր ուշադրությանն են ներկայացվում ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի գործունեության հիմքերը, այն է` տարվող քաղաքականությունն ու նպատակային խնդիրները.»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս