Իջեցնե՛լ գազալցակայաններում գազի գինը, դադարեցնե՛լ ԵՏՄ-ին միանալու գործընթացը, վերացնե՛լ մենաշնորհները. ակցիա՝ ընդդեմ թանկացումների (տեսանյութ)

Թանկացումների դեմ բողոքող քաղաքացիներն այսօր ՀՀ կառավարությունից պահանջեցին միջոցառումներ ձեռնարկել մինչև դեկտեմբերի 23-ն առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները մինչև ճգնաժամային վիճակը եղած մակարդակին բերելու համար, իջեցնել գազալցակայաններում գազի գինը, վերահաշվարկել քաղաքացիների դոլարային վարկերը, իրականացնել շուկայի ազատականացում՝ վերացնելով մենաշնորհները, արգելել Հայաստանից դեպի Ռուսաստան՝ դոլարի, և Ռուսաստանից դեպի Հայաստան՝ ռուբլու սպեկուլյատիվ ելքերը և մուտքերը, դադարեցնել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու գործընթացը:

Ակցիայի մասնակիցներից Հասմիկ Սարգսյանն ասաց, որ այսօր տեղեկացել են, որ դոլարի փոխարժեքը նվազել է. «Բայց կարծես թե մեր խանութներում ու սուպերմարկետներում, այսպես ասած, որոշ օլիգարխներ դա չեն նկատել: Որևէ գնային փոփոխություն տեղի չի ունեցել»: Նրա խոսքով՝ պետք է պահանջեն, որ վերջ դրվի թալանին, «որպեսզի մի քանի օլիգարխներ չհարստանան, մի քանի սուպերմարկետներ յուրաքանչյուր 5 րոպեն մեկ անգամ գնապիտակ չփոխեն»: Հասմիկ Սարգսյանի խոսքով՝ կամ աշխատավարձերն ու թոշակները գնաճին համապատասխան՝ իշխանությունները պետք է բարձրացնեն, կամ էլ ապրանքների ու ծառայությունների գները պետք է նվազեցնեն:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ որքան էլ ցավալի է, այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ «մեզ այս կառավարությունը հասնում է». «Որովհետև այսօրվա դրությամբ, երբ առաջին անհրաժեշտության պարենամթերքն ու սնունդը թանկացվում են, ժողովուրդը, ինչպես միշտ, գլուխը կախ հետևում է, ձայն չի հանում և շարունակում է օգտվել այդ ամենից, ու տանը նստած բողոքում է, թե այսպես չի լինի, այս կյանքը չի լինի շարունակել… Իրոք, այսպես շարունակել չի լինի, քանի որ բոլորը դեռ տանը նստած են: Շատ հեշտ է տանը նստած խոսել, ասել՝ գիտե՞ս, ես երեկ շաքարավազը գնեցի 420 դրամով, բայց այսօր երեկոյան մտնում եմ խանութ, որ նորից գնեմ՝ 900 դրամից պակաս ու մի կիլոգրամից ավելի չեն տալիս:

Բայց հաջորդ օրը հայտնվում է մեր ոչ բարով վարչապետը որոշ սուպերմարկետներում, և հանկարծ կտրուկ շաքարավազի գինը նորից ընկնում է, հասնում 410, 420, 480 դրամի: Ի՞նչ է սա նշանակում: Վարչապետի այցից հետո, ես անձամբ տեղյակ եմ, այն խանութը, որն ինքը մտել է, որտեղ շաքարավազի մեկ կիլոգրամը միանգամից դարձել է 480 դրամ, իր այցից մոտավորապես երկու ժամ հետո շաքարավազի մեկ կիլոգրամը նորից 900 դրամ էր»: Նա նշեց, որ եթե պահանջները չկատարվեցին, ապա ավելի ագրեսիվ կերպով են այցելելու օլիգարխիկ համակարգին. «Այնպես որ, կարող եք հենց հիմա էլ հրամայել՝ բոլորիս հավաքեն-տանեն»:

Կարդացեք նաև

Գևորգ Սաֆարյանն էլ ասաց, որ երբ Հայաստանը պետք է ստորագրեր ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիր, շատերն ասում էին, թե Հայաստանի արտադրանքի մեծամասնությունն արտադրվում է Ռուսաստանում. «Ասում էին, թե մենք Ռուսաստանից մեծ քանակությամբ տրանսֆերտներ ունենք, որի հաշվին Հայաստանի տնտեսությունը պահպանվում է, և այս պատճառով մենք պետք է միանանք նաև ԵՏՄ-ին: Փոխանակ մեր իշխանությունները գործողություններ կատարեն, որպեսզի այլ պետությունից, այդ թվում՝ Ռուսաստանից, մեր տնտեսության կախվածությունն ավելի քչանա, իրենք, հիմնվելով այդ կախվածության վրա, ասում են, որ մենք պիտի ԵՏՄ մտնենք, որպեսզի մեր կախվածությունն ավելի մեծանա»: Նրա խոսքով՝ արդյունքում՝ Հայաստանի տնտեսությունը կոլապսային վիճակում է հայտնվում, երբ Ռուսաստանում իջնում է ռուբլու գինը, ինչը, ըստ նրա, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը ԵՏՄ անդամ չպիտի լինի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս