Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը՝ գոռոզ լինելու, անձնական կյանքի ու առաջիկա ծրագրերի մասին
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը երիտասարդ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանն է:
-Աշոտ, դուք նաև Գոյ թատրոնի դերասան եք: Այժմ կարողանո՞ւմ եք համատեղել սերիալն ու թատրոնը:
-Իհարկե, համատեղում եմ: Պարզապես սերիալը նկարահանման սահմանված ժամեր չունի, այդ պատճառով նոր ներկայացումների մեջ չեմ ընդգրկվում: Գոյ թատրոնը, կարելի է ասել, իմ մասնագիտական ծննդավայրն է, Արմեն Մազմանյանի հիմնած թատրոնը: Իր կուրսն եմ ավարտել ու ավարտելուց անմիջապես հետո աշխատել եմ այդ թատրոնում: Ճիշտ է, այժմ բոլոր ներկայացումներում զբաղված լինել չի հաջողվում, բայց փորձում եմ հնարավորինս համատեղել: Թատրոնն ինձ համար բոլորովին այլ արժեք է:
-Այս շրջանում ֆիլմերի առաջարկներ ունեցե՞լ եք, թե՞, երբ դերասանները զբաղված են լինում սերիալում, հասկանալի պատճառով՝ առաջարկներով նրանց չեն անհանգստացնում:
-Բավականին լուրջ ֆիլմի առաջարկ ունեցա, որի նկարահանումները պետք է Ղարաբաղում անցկացվեին: Նկարահանման երկու ամիսների ընթացքում ինքս էլ պետք է լինեի այնտեղ: Հասկանալի պատճառներով՝ առաջարկը կորցրեցի: Նաև ներկայացման առաջարկ ունեմ հիմա, չգիտեմ՝ կհասցնեմ, թե՞ ոչ: Դա արդեն ժամանակը ցույց կտա:
-Ի՞նչ ներկայացման մասին է խոսքը:
-Չեմ ցանկանում այժմ փակագծերը բացել, մի քիչ շուտ է: Եթե լինի, այդ մասին բոլորը կիմանան, չլինի՝ չեն իմանա:
-Սերիալները, մեծամասամբ, ամիսներով, տարիներով ձգձգվում են: Դերասաններն էլ ստիպված են լինում այդ ընթացքում զոհողությունների գնալ՝ հրաժարվելով մի շարք առաջարկներից: Այդ հանգամանքը դերասանին նաև ֆինանսապես չի՞ վնասում:
-Վնասում է, իհարկե, բայց այդ նույն սերիալը նաև ֆինանսական ապահովվածություն է տալիս: Իհարկե, այնպես չէ, որ ես վերաբերում եմ որպես «փողի աղբյուրի», սա իմ աշխատանքն է, իմ սիրած գործը, որը հնարավորինս լավ եմ կատարում, որպեսզի մարդկանց գոհացնեմ: Դեմ չեմ, եթե պայմանները թույլ տային զուգահեռ նկարահանվել այս կամ այն ֆիլմում: Բայց դա ոչինչ, հիմնականում իմ գումարը վաստակում եմ սերիալով և ոչ միայն:
-Եվ ոչ միայն ասելով՝ թատրո՞նը նկատի ունեք:
-Ոչ, թատրոնի տված աշխատավարձը ծիծաղելի թիվ է: Ուղղակի մարդիկ սիրում են թատրոնը, չեն կարող նրանից հրաժարվել: Այն պետք է դերասանին: Ինչ վերաբերում է, թե էլ ինչպես եմ գումար աշխատում, ասեմ, որ նաև կորպորատիվ, տարբեր միջոցառումների հանդիսավար եմ:
-Արդյո՞ք դերասանն այդ կողմնակի զբաղվածության պատճառով որակական փոփոխություններ չի կրում: Զբաղվածության պատճառով կարող եք չէ՞ գործին երբեմն «մատերի արանքով» նայել:
-Կողմնակի զբաղվածությունը լինում է երեկոյան ժամը 6-ից հետո ու այնպես չի, որ ամեն օր այդ գործի մեջ ես ու գերհոգնում ես: Իհարկե, լավ կլիներ, որ թատրոնում այնքան գումար աշխատեինք, որ կցանկանայինք ոտքներս «դուրս դնել»: Սերիալի ֆինանսական վիճակից չեմ բողոքում, բայց եթե ավելի բարձր վարձատրվեինք, կողմնակի բաների չէինք ձգտի:
-Աշոտ, դուք Ձեզ որտե՞ղ եք զգում «տանը»՝ նկարահանման հրապարակո՞ւմ, թե՞ թատրոնի բեմում:
-Անկեղծ ասած՝ բեմում այնքան փորձ չունեմ, որքան տեսախցիկի առջև: 6-7 տարի անընդհատ նկարահանման հրապարակում եմ, ինչի պատճառով ամբողջովին թատրոնին նվիրվել չեմ կարողացել: Հուսով եմ, կգա այն օրը, երբ կկարողանամ լիովին տրվել թատրոնին: Ե՛վ ֆիլմը, և՛ ներկայացումը իր տեղն ու արժեքն ունի իմ կյանքում:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: