
Գերմանիան Փեշմերգայի մարտիկներին պատրաստելու համար զինվորականներ կուղարկի Իրաք

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գերմանացի նախարարները պայմանավորվել են իրաքյան Էրբիլ քաղաք 100 զինվորական ուղարկելու շուրջ, ուր նրանք կնախապատրաստեն քուրդ մարտիկներին՝ «Իսլամական պետության» դեմ գործողություններին մասնակցելու համար:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել «Իսլամական պետության» դեմ պայքարի կայուն ճակատ: Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլ ֆոն դեր Լյաենը քրդական Փեշմերգայի ներկայացուցիչներին անվանել է հուսալի ու նպատակամղված մարտիկներ, սակայն դրա հետ մեկտեղ ընդունել է, որ նրանք կարիք ունեն լավ հանդերձանքի ու ուսուցման:
Ավելի վաղ Գերմանիան անհատույց կերպով քրդերին հատկացրել է 70 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ զենք ու ռազմական այլ հանդերձանք: Ընդգծվում է, որ քրդերն Իրաքի հյուսիսում անցել են հարձակման, և որ նրանց թիրախում Սինջար քաղաքն է: Նրանց աջակցում է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ավիացիան: