
Պաղեստինի մասին բանաձևը ներկայացվել է ՄԱԿ ԱԽ-ին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հորդանանը ՄԱԿ ԱԽ-ին ներկայացրել է բանաձևի նախագիծ, որը հաստատում է պաղեստինյան տարածքներից իսրայելական զորքերը հետ քաշելու ստույգ ժամկետները: ՄԱԿ-ում Պաղեստինի ինքնավարության մշտական ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրն ընդգծել է, որ փաստաթղթի տեքստը դեռ ենթակա է քննարկման.
«Մենք կշարունակենք բանակցությունները բոլոր կողմերի, այդ թվում նաև ամերիկյան կողմի հետ, եթե նրանք պատրաստ են ու ցանկանում են դա: ՄԱԿ ԱԽ-ի հավանության արժանացրած փաստաթուղթը կօգնի բացել խաղաղության դուռը»: ԱՄՆ-ը քանիցս վետո է դրել ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերի վրա, որոնք ուղղված են նրա դաշնակից Իսրայելի դեմ:
Բանաձևի ներկայիս տարբերակը ստեղծում է երկու անկախ, ժողովրդավարական պետություն. Իսրայել ու Պաղեստին: Սահմանները հստակեցվում են 1967 թվականի հունիսի 4-ի դրույթով: Կողմերը պետք է համաձայնության գան մեկ տարուց ոչ ուշ ժամկետում: Մինչև 2017 թվականի վերջն Իսրայելը պետք է իր զինված ուժերը դուրս բերի Պաղեստինի տարածքից: