«Հանրապետական կուսակցությունը հերթական պտիչկեն փորձեց ստանալ». Սուրեն Սարգսյանը՝ բռնությունները դատապարտող ԱԺ հայտարարության մասին

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը պատասխանելով հարցին, թե Ազատամարտիկների դաշինքը քաղաքական ո՞ր ուժերին է վստահում, նշեց, որ անունները էական չեն, իրենք վստահում են բոլոր այն ուժերին, ովքեր մտահոգ են երկրի ապագայով.

«Այսինքն՝ այն մուտանտների մասին չի խոսքը, ովքեր պարզապես փող են պոկում, այլ ովքեր իրական քայլեր են անում, որպեսզի հիմքից, համակարգով մեր երկիրը փոխվի, իշխանությունները փոխվեն, արդար ընտրություններ տեղի ունենան: Մենք բոլորի հետ  հանդիպում ենք՝ և՛ «Ժառանգության»  հետ, և՛ ՀԱԿ-ի հետ, և՛ «Բարգավաճ Հայաստանի» հետ, և՛ հասարակական կազմակերպությունների հետ, բոլորի հետ: Նույնիսկ եթե Հանրապետական կուսակցությունը մի օր ասի՝ տղերք, ուզում եք՝ եկեք արդարացնենք, գանք, կանգնենք ձեր կողքին, մենք նրանց հետ էլ կարող ենք համագործակցել, խնդիր չենք տեսնում: Այս վիճակն այլև չի կարող շարունակվել, խոսքը սրա մասին է»:

Հարցին՝ երեկ խորհրդարանականները վերջին իրողությունները դատապարտող հայտարարություն ընդունեցին, ձեր կարծիքով՝ ի՞նչ ազդեցություն սա կարող է ունենալ ամենաթողության այս իրավիճակում, ազատամարտիկն այսպես պատասխանեց.

«Հանրապետական կուսակցությունը հերթական պտիչկեն փորձեց ստանալ, որովհետև եվրոպաները շատ խիստ բարկացած էին, սեփական նախաձեռնությամբ փորձեցին ինչ-որ բան իրականացնել: Շատ թույլ էր, շատ վատն էր, այդպես չպետք է լիներ: Դա, իհարկե, շոու էր, ուրիշ ի՞նչ պետք է անեն: Դուք չտեսա՞ք՝ Արամի ծեծի պատասխանն ինչ էր: Ժողովուրդ ջան, բոլոր այն մարդիկ, ովքեր Հայաստանից դուրս են եկել, մի կտոր հաց ուտելու, բոլորն անխտիր հայհոյում են այս երկրի իշխանություններին, և հանկարծ այդ մարդիկ գալիս ու ասում են՝ վայ ոնց թե… Տենց բան չկա»:

Տեսանյութեր

Լրահոս