
Փսակին հայտնել է, թե որն է ռուսական ռուբլու փոխարժեքի անկման պատճառը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ ռուբլու փոխարժեքի անկումն առաջին հերթին պայմանավորված է ոչ թե պատժամիջոցներով, այլ՝ Ռուսաստանում տնտեսական կառավարման վատ մակարդակով ու նավթի գնանկմամբ.
«Ռուսաստանի տնտեսական իրավիճակը և բազմաթիվ խնդիրները, որոնց բախվում են նրանք (Ռուսաստանի իշխանությունները), առաջացել են ոչ միայն պատժամիջոցների պատճառով: Դա ավելի բարդ իրավիճակ է և իրենում ներառում է նավթի գներն ու Ռուսաստանում տնտեսական կառավարման ընդհանուր ցածր մակարդակը: Այդ ամենը խաղում է կարևոր դեր»:
Փսակիի խոսքերով՝ տնտեսության դիվերսիֆիկացման ու նորարարության ու ձեռնարկատիրության զարգացման բացակայությունը Ռուսաստանը չափազանց մեծ կախվածության մեջ է դրել ածխաջրածնային հումքից: Փսակին հավելել է, որ այդ ամենը հանգեցրել է այն խնդիրներին, որոնց այսօր բախվել է Ռուսաստանը:
Փսակին ընդգծել է, որ պատժամիջոցների նպատակը Ռուսաստանի տնտեսության քայքայումը չէ, որ դրանք փորձ են Կրեմլին հարկադրելու՝ փոխել քաղաքականությունը, և որ Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի: