Վիրաբույժ-վնասվածքաբանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներման կիրառմամբ ազատվել է պատժից

Առաջին ատյանի դատարանի վճռով՝ «Ստեփանավանի բժշկական կենտրոնի»  բժիշկ, վիրաբույժ-վնասվածքաբանը մեղավոր է ճանաչվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Դատարանը վճռել է նրան երկու տարվա ազատազրկման դատապարտել, սակայն համաներման կիրառմամբ նրան ազատել է պատժի կրումից:

Նա մեղադրվում է այն բանում, որ որպես բժիշկ` վիրաբույժ-վնասվածքաբան, իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, դրանց նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել բուժվող հիվանդի  մահը:

Այսպես, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ
սպասարկելով  աղեստամոքսային տրակտի սուր ցավերով հիվանդանոց տեղափոխված տղամարդու նկատմամբ, նրա մոտ դիտված կրկնակի արյունահոսության և ծայրահեղ ծանր վիճակի պայմաններում, երբ կատարված հետազոտմամբ հայտնաբերվել և ախտորոշվել է արյունահոսության աղբյուրը, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել հաստատված խոցային արյունահոսությունը կյանքի ցուցումով վիրահատական եղանակով դադարեցնելու համար, որի դեպքում զգալիորեն կմեծանային բարենպաստ ելքի շանսերը, հնարավորություն ընձեռելով փրկել հիվանդի կյանքը, այլ իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, հիվանդին տեղափոխել է «Վանաձորի ԲԿ», որտեղ նա մահացել է:

Նախաքննական մարմնի կողմից նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:  Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ դատաքննության ժամանակ, մեղադրողի կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը հրապարակելուց հետո ամբաստանյալը  հայտնել է, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, միջնորդեց կիրառել արագացված կարգով դատական քննությունը:

Դատարանը որոշել է  արագացված կարգով դատական քննություն անցկացնել:
Դատարանը հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտել է, որ ամբաստանյալը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, և հանգել է հետևության, որ նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:

Դատարանը որպես ամբաստանյալի  պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ հաշվի է առել այն, որ նա իրեն մեղավոր է ճանաչել լիովին, զղջում է կատարածի համար, բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել:
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Դատարանը գտել է նաև, որ համաներման որոշման կիրառմամբ ամբաստանյալին պետք է ազատել նշանակված պատժից:

Տեսանյութեր

Լրահոս