Դա անհեթեթություն է. «Սիվիլիթասի» ներկայացուցիչը՝ թուրքագետի հնչեցրած մեղադրանքների ասին
«Դա անհեթեթություն է, և մենք այդ հայտարարությունը չենք մեկնաբանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Սիվիլիթաս» հիմնադրամի ծրագրերի մշակման և արտաքին կապերի համակարգող Աննա Շահնազարյանը՝ խոսելով վերջերս թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի արած այն հայտարարության մասին, թե Հայաստանում հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների մի հսկա ցանց լծված են թուրքական քարոզչության իրականացմամբ, որոնց մեջ թուրքագետը նշել է նաև «Սիվիլիթաս» հիմնադրամի անունը:
«Թուրքիայում՝ Անադօղլու Քյուլթյուր, Հրանտ Դինք հիմնադրամ, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա: Հայաստանում՝ «Սիվիլթաս» հիմնադրամ, Եվրասիա համագործակցության հիմնադրամ, Հանրային լրագրության ակումբ, Տարածաշրջանային հետազոտության կենտրոն»,- թվարկել էր թուրքագետը:
Նա նշել էր, որ այս կազմակերպությունները 2014 թ. հունվարին Եվրոպական միության կողմից ստացել են 2 մլն եվրո, և հունվարից սկսվել է աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին: Այս գրանտային ծրագրի իրականացումը լինելու է մինչև 2015թ. ապրիլի 24-ը: Այս ծրագրի շրջանակներում 40 լրագրողներ տարվել են Թուրքիա, այնտեղի առողջարանական գոտիներ, տեսարժան վայրեր, Թուրքիան ներկայացվել է գեղեցիկ պատկերով, և դրական տպավորությամբ փորձ է արվել լրագրողներից ակնկալել հոդվածներ, «հասկանալի է, թե դրանք ինչ բնույթի պետք է լինեն»:
Մեզ հետ զրույցում Ա. Շահնազարյանն ասաց, որ «Սիվիլիթաս» հիմնադրամն իսկապես «Աջակցություն հայ-թուրքական կարգավորման գործընթացին» ծրագրի կազմակերպություններից մեկն է. «Դրա մասին համապարփակ տեղեկատվություն կարող եք գտնել Armenia-turkey.net կայքում: Ամենը, ինչ ծրագրի շրջանակներում արվել է (լրագրողների այցեր, տարբեր տեսակի միջոցառումներ, լրատվական աշխատանք և այլն), կայքում կա: Ինչ վերաբերում է Ռուբեն Մելքոնյանի հայտարարության այն մասին, թե ով ինչ է անում, ինչ-որ քարոզչություն է անում, դա անհեթեթություն է, և մենք այդ հայտարարությունը չենք մեկնաբանում»:
Ի պատասխան մեր հարցին՝ ամեն դեպքում, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է թուրքագետը նման բան ասում, Ա. Շահնազարյանը կրկնեց, որ իրենք նման հայտարարությունները համարում են անհեթեթություններ, և, ընդհանրապես, նույնիսկ անհեթեթ է, որ իրենք դա մեկնաբանեն:
Մենք նաև հետաքրքրվեցինք նրանից՝ արդյոք «Սիվիլիթաս» հիմնադրամի և Ռուբեն Մելքոնյանի միջև որևէ կոնֆլիկտ եղե՞լ է նախկինում: Ա. Շահնազարանը տեղեկացրեց, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը որևէ անձի հետ խնդիր չունի և կոնկրետ այս դեպքում էլ չի ունեցել: