
Լեյլա Յունուսը հավակնում է ԱՄՆ պետդեպարտամենտի «Կանանց խիզախության միջազգային մրցանակին»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում կալանքի տակ գտնվող իրավապաշտպան Լեյլա Յունուսին առաջադրել են ԱՄՆ պետդեպարտամենտի հիմնած International Women of Courage Award («Կանանց խիզախության միջազգային մրցանակ») միջազգային հեղինակավոր մրցանակի համար:
Այս մասին գործակալությանը հայտնի է դարձել Վաշինգտոնում դիվանագիտական շրջանակներից: Նման մրցանակի են արժանանում այն կանայք, որոնք առաջնորդի որակներ ու խիզախություն են ցուցաբերել սոցիալական արդարության ու մարդու իրավունքների պահպանման համար պայքարում:
International Women of Courage Award մրցանակը հիմնվել է 2007 թվականին՝ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից: Դրանից հետո այդ պարգևին արժանացել են աշխարհի 27 երկրի 36 կանայք: Այս անգամվա հաղթողների անունները կհրապարակվեն 2015 թվականի մարտին:
Լեյլա Յունուսն իր փաստաբանի միջոցով փոխանցել է, որ International Women of Courage Award մրցանակի համար իրեն առաջադրելը գնահատում է որպես Ադրբեջանում կալանավորված բոլոր իրավապաշտպաններին աջակցության ցուցաբերում:
Հիշեցնենք, որ Լեյլա Յունուսն այս տարի հավակնել է նաև Անդրեյ Սախառովի անվան մրցանակին: Եվրախորհրդարանը Անդրեյ Սախառովի անվան «Ազատ մտքի համար» մրցանակը հիմնել է 1988 թվականին:
Այն ամեն տարի հանձնվում է մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության պահպանման, միջազգային օրենսդրությունը հարգելու, փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու ոլորտում ունեցած ձեռքբերումների համար: