Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները դեկտեմբերևի 10-ին Կարսում ստորագրել են համատեղ հայտարարություն: Դրանում նշված է.

«Տարածաշրջանում գոյություն ունեցող, չկարգավորված հակամարտությունները խաթարում են խաղաղությունը, կայունությունը և խոչընդոտում են տնտեսական զարգացմանը, ինչի hամար էլ կարիք ունեն շուտափույթ կարգավորման՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքներին համապատասխան»:

Հայտարարության մեջ նշված է, որ «հենց այդպես պետք է լուծվեն» Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտությունները: Հայտարարության մեջ ընդգծվում է էներգետիկ, տնտեսական ու տրանսպորտային ոլորտներում համատեղ նախագծեր կյանքի կոչելու կարևորությունը:

Խոսքը մասնավորապես գնում է բարձրավոլտ նոր էլեկտրահաղորդագծերի, TANAP գազատարի ու «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցումն ավարտելու, ինչպես նաև Ալյաթ քաղաքում (Ադրբեջան) միջազգային նոր ծովային նավահանգստի, «Անակլիայում» (Վրաստան) նոր ծովային նավահանգստի և Բոսֆորի տակով անցնող երկաթուղային նոր թունելի մասին:

Հայտարարության վերջում ընդգծվում է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ կանոնավոր հանդիպումները շարունակելու կարևորությունը: Սրանից առաջ հաղորդվել էր, որ երեք երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումն անցկացվելու է 2015 թվականին, Թբիլիսիում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Կարսում հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Վրաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Տեսանյութեր

Լրահոս