Նախախորհրդարան. «Տարօրինակ է, որ ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցնող անձը բացեիբաց կեղծում է, թե ԱԱԾ-ի և ոստիկանության տարածքը չեն տեսագրվում»
ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով Նախախորհրդարանի անդամների և աջակիցների ավտոմեքենաների հրկիզման դեպքերին, տարօրինակ է համարել, որ դրանք այրվել են այնտեղ, որտեղ տեսախցիկներ չկան: Նա նաև նշել է, որ «Նույնիսկ մեքենա կա, որ պետք է ուրիշ տեղ տեղակայված լիներ, սակայն տեղակայվել է այլ տեղ: Միայն մի դեպքում կա տեսախցիկ, որը ոչինչ էլ չի ֆիքսել: Տարօրինակ գործ է, բայց հաստատ բացահայտվելու է»:
Նախախորհրդարանի քարտուղարությունը ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցնող անձի նմանօրինակ հայտարարությունները գնահատում է որպես կատարված հանցագործությունը կոծկելու ձգտում:
Ինչպես արդեն հաղորդվել է, ավտոմեքենաներից մեկը հրկիզվել է գաղտնի և բացահայտ դիտման ու ձայնագրման բազմաթիվ սարքերով զինված ԱԱԾ-ի շենքի դիմաց, իսկ մյուսը՝ ոստիկանության կենտրոնականի բաժնի մոտակայքում: Մնացած ավտոմեքենաներն հրկիզվել են սեփականատերերի բակերում, որտեղ, որպես կանոն, կայանված են լինում գիշերային ժամերի ընթացքում:
Ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցնող անձը թերևս այնքան է կտրվել իրականությունից, որ իր և իր շրջապատի օրինակով ինքնաբերաբար կարծում է, թե բոլոր քաղաքացիներն հնարավորություն ունեն տեսանկարահանող սարքեր տեղադրել իրենց տների ու շենքերի տարածքում:
Ի պատասխան Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությանը, թե կա ընդամենը մեկ տեսախցիկ, որը ոչինչ չի ֆիքսել, կից ներկայացվում է ԱԱԾ-ի շենքի դիմաց Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Շահեն Պողոսյանի ավտոմեքենայի հրկիզման դեպքի տեսագրության մի դրվագ: Տեսագրությունը կատարվել է մոտակա խանութներից մեկի տեսախցիկով: Տեսանյութում պարզ երևում է, որ ավտոմեքենան հրկիզողը շատ ինքնավստահ է, բացարձակապես չի շտապում ու խուճապի չի մատնվում և որևէ ջանք չի գործադրում ԱԱԾ-ի տեսախցիկներից դեմքը թաքցնելու համար:
Իսկապես՝ տարօրինակ է: Տարօրինակ է, որ ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցնող անձը բացեիբաց կեղծում է, թե ԱԱԾ-ի և ոստիկանության տարածքը չեն տեսագրվում:
Նախախորհրդարան