Հանուն մարդու իրավունքների պաշտպանության կիրականացվի իշխանափոխություն
Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված եթը ավարտվեց: Երթը մեկնարկեց Ազատության հրապարակից. մասնակիցները անցան Մաշտոց, Ամիրյան, Նալբանդյան, Թումանյան փողոցներով և վերադարձան Ազատության հրապարակ: Ազատության հրապարակում եռյակի ղեկավարներից միայն «Ժառանգության» առաջնորդ Րաֆիի Հովհաննիսյանն էր, սակայն «Ժառանգության» որևէ ներկայացուցիչ ելույթ չունեցավ: Տպավորությունն այնպիսին էր, որ «Ժառանգությունը» մասնակցում է ՀԱԿ-և ԲՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը:
Երթի սկզբում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ընթերցեց բանաձևի նախագիծ, որը հրապարակում հավաքվածների հավանությանն արժանանլուց հետո ընդունվեց:
Այս բանաձևում ասվում է, որ երկրում շարունակում է գործել ընտրակեղծարարության մի ամբողջական համակարգ, որն աղավաղում է ընտրությունների միջոցով ժողովրդի կամարտահայտությունը, չեն բացահայտվել 2008թ. մարտի 1-ի սպանությունների և այլ բռնությունների պատասխանատուները կազմակերպիչները և իրականացնողները:
Երկրում կան քաղբանտարկյալներ, որովհետև 2013թ. նոյեմբերի 5-ի միջադեպի մասնակիցների նկատմամբ քաղաքական նկատառումներով անհամաչափ պատժաչափ է կիրառվել և այդ գործով կալանավորները ԵԽԽՎ 1900 բանաձի համապատասխան քաղբանտարկյալներ են:
Բանաձևում կոչ է արվում անհապաղ ազատ արձակել այդ գործով դատապարտված Շանթ Հարությունյանին և ևս 11 կալանավորների: Բանաձևում նշվում է նաև քաղաքացիների սոցիալական իրավունքերի ոտնահարման մասին:
«Հետևաբար Համաժողովրդական շարժումը առաջիկայում կներկայացնի համատեղ գործողությունների ծրագիր, ներառյալ`հանրային զանգվածային միջոցառումների ցանկը, որոնց նպատակը կլինի Հայաստանում ամբողջական իշխանափոխության իրականացումը և արտահերթ`ազատ և արդար ընտրություններով ժողովրդի իշխանության ձևավորումը»,- ասված է բանաձևի վերջաբանում:
Ազատության հրապարակում ելույթ ունեցան ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, Վահան Բաբայանը: Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը՝ խոսելով վերջին երկու օրերի ընթացքում ազատամարտիկների նկատմամբ կիրառված բռնությունների մասին, հայտարարեց, որ իրենց հնարավոր չէ վախեցնել, և կոչ արեց բոլոր Ազատամարտիկներին հավաքվել Եռաբլուրում`«Մեր սրբատեղիում, որտեղ սկսվել, բայց չի ավարտվել մեր ազատամարտը», քննարկելու ստեղծված վիճակը: