Կրճատումներ` սահմանագոտում
Tesankyun.am-ը գրում է. Վերջին շրջանում սահմանամերձ տարածաշրջաններում պարբերաբար հիմնարկներ եւ հաստիքներ են փակվում, մարդիկ կորցնում են իրենց գոյության հիմնական միջոցը՝ աշխատանքը:
Տավուշի մարզի 4 տարածաշրջաներում փակվեցին գանձապետական բաժանմունքները, հարկային տեսչության եւ անշարժ գույքի կադաստրի հիմնարկությունների տեղական գրասենյակներում հաստիքների կրճատումներ եղան: Կրճատումների հերթը հասավ «Հայփոստ» ՓԲԸ-ին, որի հավատարմագրային կառավարումը հանձնված է արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին: Տավուշում փակվել են «Հայփոստի» Իջեւանի, Նոյեմբերյանի, Բերդի եւ Դիլիջանի մասնաճյուղերը:
Այս մասնաճյուղերը դարձել են բաժանմունքներ: Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի նախկին մասնաճյուղերը միավորվելով՝ ստեղծվել է «Հայփոստ արեւելք» մասնաճյուղը, որը ղեկավարում է Սեւանի նախկին մասնաճյուղի տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը: Տավուշի մարզի 4 տարածաշրջաններում մասնաճյուղերի վերացումով բավական թվով աշխատողներ են կրճատվել:
Դա պայմանավորված է նրանով, որ բաժանմունքներում այլեւս հաշվապահական գործունեություն չի իրականացվում, հաշվապահ , գանձապահ չկա: Եթե նախկինում կենսաթոշակների գումարները «Հայփոստի» մասնաճյուղերից էր ուղարկվում գյուղեր, ապա այժմ այդ գումարները ստացվում են բանկերի միջոցով: «Հայփոստի» բաժանմունքներից ստացված տվյալներով՝ Նոյեմբերյանի բաժանմունքից կրճատվել է անձնակազմի կեսը՝ 6 հոգի: Իջեւանի բաժանմունքում նախկինում 2 հոգի ատեստացիայից « կտրվել էր», զրկվել աշխատանքից, 3 հոգի էլ հիմա է կրճատվել :
Նմանապես կրճատումներ են եղել Բերդի եւ Դիլիջանի բաժանմունքներում: Մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ աշխատել են փոստային համակարգում, ստիպված են հեռանալ իրենց համար երկրորդ տուն դարձած աշխատավայրից: Կրճատումներ են սպասվում նաեւ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում: Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթի գյուղի հեռուստատեսային աշտարակի աշխատողներն ասացին, որ իրենց աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2015թ. հունիսի 1-ին:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: