Բաժիններ՝

Բարեկրթության պարզ կանոններ, որոնք պետք է իմանան բոլորը

Էտիկետն այն է, երբ քեզ պահում ես ավելի ճիշտ, քան անհրաժեշտ է:

Բարեկիրթ լինել դժվար չէ. դա միայն հարգանքի դրսևորում է քո և քեզ շրջապատողների նկատմամբ: Բայց կան մանրուքներ, որոնցից ոչ բոլորն են տեղյակ:

Այսպես`

1. Երբեք հյուր մի’ գնացեք առանց նախապես զանգելու: Եթե ձեզ այցելել են առանց զգուշացնելու, ապա կարող եք ձեզ թույլ տալ լինել խալաթով և հողաթափերով:

Կարդացեք նաև

2. Անձրևանոցը երբեք մի’ չորացրեք բացված վիճակում: Այն պետք է կա’մ կախել որևէ տեղից, կա’մ փակել ու դնել տակդիրի վրա:

3. Պայուսակը չի կարելի դնել ծնկներին կամ այն աթոռին, որի վրա նստած եք: Փոքրիկ տոնական պայուսակը կարելի է դնել սեղանին, մեծ պայուսակը` կախել աթոռի թիկնակից կամ դնել գետնին, եթե այլ հատուկ աթոռակ չկա դրված:

4. Ցելոֆանե կամ թղթե տոպրակները ձեր ձեռքին պետք է լինեն միայն  խանութից կամ ֆիրմային բուտիկներից վերադառնալիս: Դրանից հետո դրանք որպես պայուսակ օգտագործելը վատ ճաշակի կամ գծուծության նշան է:

5. Տղամարդը երբեք կանացի պայուսակ չպետք է վերցնի իր ձեռքը, իսկ կանացի վերարկուն էլ նրա ձեռքում պետք է լինի միայն մինչև հանդերձարան ընկած ճանապարհին:

6. Տնային հագուստը հարմարավետ, բայց վայելուչ տեսք ունեցող տաբատն ու սվիտերն են, իսկ խալաթն ու գիշերազգեստը նրա համար են, որ առավոտյան  բաղնիք հասնես, իսկ երեկոյան` բաղնիքից ննջարան:

7. Այն պահից, երբ երեխան քնում է առանձին սենյակում, նրա մոտ մտնելիս թակե’ք դուռը: Այդ դեպքում նա էլ նույն կերպ կվարվի ձեր սենյակ մտնելիս:

8. Կինը կարող է փակ տարածության մեջ չհանել երեկոյան ձեռնոցներն ու լայներիզ գլխարկը, բայց ոչ երբեք` ամենօրյա գլխարկն ու ձեռնոցները:

9. Ըստ ընդունված արարողաակարգի` զարդերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 13- ը`ներառյալ նաև ոսկե կոճակներն ու ճարմանդները: Ձեռնոցի վրայից մատանի կրել չի կարելի, բայց թևնոց կրել թույլատրելի է: Ադամանդները նախկինում համարվում էին միայն երեկոյան կրելու համար նախատեսված զարդեր, և այն կարող էին կրել միայն ամուսնացած կանայք, սակայն վերջերս կարելի է կրել նաև ցերեկը: Երիտասարդ աղջիկը գրավիչ տեսք կունենա, եթե նրա ականջներին լինեն 0,25 կարատանոց մեխակի տեսքով ականջօղեր:

10. Եթե ռեստորան գնալիս ասում եք, որ դուք հրավիրում եք, նշանակում է, որ վճարելու եք ինքներդ: Եթե կինը իր գործընկերոջը հրավիրում է ռեստորան, վճարում է ինքը, իսկ եթե հնչում է ընդհանուր ֆրազ`եկե’ք գնանք ռեստորան, այդ դեպքում յուրաքանչյուրը վճարում է իր փոխարեն: Եվ միայն այն ժամանակ, երբ տղամարդն ինքն է առաջարկում վճարել կնոջ փոխարեն, կինը կարող է համաձայնել:

11. Տղամարդը միշտ առաջինը պետք է մտնի վերելակ, սակայն առաջինը դուրս է գալիս նա, ով ամենամոտն է կանգնած դռանը:

12. Ավտոմեքենայի մեջ ամենահարգին համարվում է վարորդի հետևի նստատեղը, և այն պետք է զբաղեցնի կինը: Տղամարդը պետք է նստի նրա կողքին, իսկ երբ նա իջնում է մեքենայից, պետք է բռնի դուռը և ձեռքը մեկնի կնոջը:

13. Պետք չէ ի լուր ամենքի հայտարարել, որ դուք դիետա եք պահում: Առավել ևս վատ ճաշակի նշան է այդ պատրվակով հրաժարվել հյուրընկալ տանտիրուհու  առաջարկած համադամ ուտեստներից: Անպայման գովե’ք նրա խոհարարական տաղանդը: Այդ դեպքում կարող եք նաև ոչինչ չուտել, բայց պետք չէ բարձրաձայնել այդ մասին; Նույն  կերպ վարվե’ք նաև ալկոհոլի հետ: Կարող եք չխմել, բայց մի’ ասեք`ինչու ձեզ չի կարելի խմել:

14. Բարձրաշխարհիկ միջավայրում զրույցների արգելված թեմաներն են քաղաքականությունը, կրոնը, առողջությունը և փողը: Բոլորովին ճիշտ չէ ինչ-որ մեկի զգեստի արժեքը ճշտել: Եթե այնուամենայնիվ ձեզնից զգեստի արժեքն են հարցնում, ասեք, որ նվիրել են, ու փոխեք թեման :

15. 12-ը բոլորած յուրաքանչյուր մարդու հետ պետք է խոսել «Դուք»-ով: Ահավոր է լսել, թե ինչպես են ասենք վարորդի կամ մատուցողի հետ խոսում «դու»-ով: Նույնիսկ այն մարդկանց, ում դուք լավ եք ճանաչում, աշխատավայրում դիմեք «Դուք»-ով, իսկ երբ միայնակ եք, նոր միայն «դու»-ով: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ դուք հասակակիցներ եք կամ շատ մտերիմ միմյանց հետ:

16. Անթույլատրելի է  քննարկել բացակա անձանց, ասել է թե`բամբասել: Չի կարելի վատաբանել մտերիմներին, մասնավորապես` քննարկել ամուսիններին, ինչը մեզանում ընդունված պրակտիկա է: Նույն կերպ և անթույլատրելի է ատելությամբ, զզվանքով, դեմքը ծամածռելով խոսել հայրենիքի մասին, որովհետև դուք բոլորից մեկն եք, և եթե ասում եք, որ այս երկրում ապրում են միայն անտանելի մարդիկ, հիշե’ք, որ խոսքը նաև ձեզ է վերաբերում:

17. Կինո, թատրոն կամ համերգ գնալիս դահլիճում ձեր տեղին մոտենալիս շրջվե’ք դեմքով դեպի նստածները: Առաջինն իր տեղին պետք է մոտենա տղամարդը:

18. Ինը բան պետք է գաղտնի պահել` տարիքը, հարստությունը, տան գաղտնարանը, աղոթքը, դեղի բաղադրությունը, սիրային կապը նվերը, գովաբանությունն ու անպատվությունը:

Ըստ golbis.com-ի նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս