Զարուհի Փոստանջյանն ԱԺ-ում ընթերցեց քրեական հարուստ փորձ ունեցող կալանավորի նամակը. «Աբռաշատ ըլնեմ, ինձ էլ կդնե՞ն մարզպետ»

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ընթերցեց կալանավորներից մեկի՝ իրեն ուղղված նամակը: Ըստ նրա՝ կալանավորը մի քանի հարց է բարձրացնում՝ ՀՀ-ն քանի՞ հոգու համար է ստեղծվել, որ գոնե մադկային կայնքով ապրեն, բացի ՀՀԿ անդամներից՝ այլ հայեր գոնե իրավունք ունե՞ն իրենց կյանքով ապրել իրենց հայրենիքում, իշխանությունը խոսում է պատվից, բայց ինչո՞ւ է սեփական ժողովրդի «գենոցիդ անում«, թանկացրել է հացը, գազը, էլեկտրաէներգիան և այլն:

Ըստ Փոստանջյանի՝ կալանավորը գրում է, որ կալանավայրում կան ազատամարտիկներ, որոնք հացի պատճառով են հատնվել այնտեղ. «Ձեր վարած ամեն մի ավտոն ինչքա՞ն գումար արժի, դա պրիստիժի՞ հարց է, թե՞ չէ: Բա որ ՀՀ քաղաքացիների 70% վարկերի տակ է ճռում, իսկ ԴԱՀԿ-ն հանում, փողոց է գցում, մարդիկ լքում են Հայաստանը, ուտելու կարիք ունեն, սոված են»:

«Եթե չեք կարողանում ղեկավարել ՀՀ-ում…»,- ասաց Զ.Փոստանջյանն ու նրա բարձրախոն անջատվեց:

«Չէի ցանկանա, որ անտանելի դառնաք: Հարցին կպատասխանի արդարադատության նախարարը»,- միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Հովհաննես Մանուկյանը հայտարարեց, որ նամակի հեղինակը Աշոտ Միհրանի Զաքարյանն է, ով ունի քրեական հարուստ փորձ, թվարկեց նախկին դատվածությունները՝ ծեծ, ապօրինի ծառահատում, խարդախություն, վաշխառություն, ակցիզային դրոշմանիշերով ապրանքների առանց ակցիզի իրացում, կեղծ փաստաթղթեր. «Այս ցուցակը շատ երկար է, ես չեմ ուզում մինչև վերջ հրապարակել, վախենում եմ ժամանակս չհերիքի»:

«Ձեր հարցադրումները հռետորական են և քաղաքական շոուի տրամաբանության մեջ են արվում»,- հավելեց նախարարը:

Զ.Փոստանջյանը հավելեց, որ կալանավորը նշում է, որ պարոն Լիսկան ունի նման կենսագրություն, ու գրել է գողական բառապաշարով՝ «աբռաշատ ըլնեմ, ինձ էլ կդնե՞ն մարզպետ»: Պատգամավորի դիտարկմամբ՝ հիմա այս նամակը այդ մարդու մոտ հենց այնպես չի ծնվել: Ըստ նրա՝ նման մարդուն, որ նշանակել են, ուզում է իրեն էլ նշանակեն:

Տեսանյութեր

Լրահոս