«Անշուշտ, սա տոն չէ, և պետք չէ իրար շնորհավորել». Մարիաննա Չալիկյան

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Ինչպիսի՞ն է հասարակության վերաբերմունքը, ինչպիսի՞ սոցիալական հիմնախնդիրներ կան և ի՞նչ են ցույց տվել ուսումնասիրության արդյունքները. այս հարցերի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Ունիսոն» հ/կ-ի հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը:

Նրա խոսքով՝ իրենք փորձում են ամեն ինչ անել, որպեսզի այս հիմնախնդիրները չդիտարկվեն միայն մեկ օրվա շրջանակում. «Անշուշտ, սա տոն չէ, և պետք չէ իրար շնորհավորել: Այս օրը պարզապես ստեղծվել է, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն տրվի բարձրաձայնել սեփական խնդիրների մասին,  իրազեկել իրենց իրավունքների մասին: Թեև տենդենց է նկատվում, որ հիմա ավելի հաճախ են անդրադառնում այս թեմաներին և չեն սահմանափակվում զուտ այդ օրով: Չնայած դրան՝ խնդիրներ կան և այդ խնդիրները բազմապիսի են, կապված են հաշմանդամության տարբեր տեսակների հետ»:

Մ. Չալիկյանը շեշտեց, որ պետք չէ հաշմանդամություն ասելով միայն հենաշարժողական խնդիրները նկատի առնել և խոսել միայն այն մասին, որ թեքահարթակներ կառուցված չեն, տրանսպորտը մատչելի չէ և այլն. «Մենք պետք է հաշվի առնենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը մոտ 196 հազար է, որի մեջ ներառվում են տարբեր խմբեր և դրանց լուծման եղանակներ:

Մեր կազմակերպությունն այս տարի բավականին ակտիվ գործունեություն էր ծավալում հետազոտությունների առումով: Օրինակ՝ համագործակցել ենք «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի հետ՝ իրականացնելով մատչելիության մի ծրագիր: Դիտարկել ենք Երևանի, Վանաձորի, Գյումրու հասարակական շինությունները, վարչական շենքերը, և հիմա արդեն այդ հետազոտությունն ամփոփվել է: Շուտով լույս կտեսնեն նաև արդյունքները, և բոլորս կտեսնենք մատչելիության մակարդակը հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նախնական տվյալներով կարող եմ ասել, որ մատչելի շենք գրեթե չկար»:

Մ. Չալիկյանը նշեց, որ իրենց կազմակերպության տնօրենն ունի առաջին կարգի հաշմանդամություն, և նա իր գործունեությամբ ցույց է տալիս, որ ցանկացած խմբի հաշմանդամություն ունեցող անձ կարող է աշխատել, նայած՝ ինչպիսի պայմաններ են ստեղծում. «Այսինքն՝ խնդիրը ոչ թե այն մարդու մեջ է, որն ունի հաշմանդամություն, այլ շրջապատի մեջ է, որը չի ստեղծել այն պայմանները, որ մարդը կարողանա իր հնարավորությունները լիովին դրսևորել»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս