Արցախում պաշտոնական տվյալներով կա 9111 հաշմանդամ
Այսօր նշվում է հաշմանդամների միջազգային օրը: Արցախում պաշտոնական տվյալներով կա 9111 հաշմանդամ: Նրանցից 450-ը մինչև 18 տարեկան երեխաներ են: Ամեն տարի պետական բյուջեի նախագծի հետ Արցախում ընդունվում է նաեւ «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ծրագիրը» եւ միջոցառումների ցանկ է հաստատվում:
2015թվականին իրականացվելիք միջոցառումների ցանկով ԼՂՀ պետական եւ ոչ պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերում սովորող առաջին եւ երկրոդ խմբերի ու հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց համար պետությունը երաշխավորում է անվճար կրթություն, նրանք անվճար կրթության հնարավորություն կստանան նաեւ հայաստանյան բուհերում:
Կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները ստանում են ներառական կրթություն (2014 թվականին այդպիսի կրթություն ստացող երեխաների թիվը 306 էր, 71 երեխա ընդգրկված էր տնային ուսուցման ծրագրում): 2015 թվականին այդ երեխաների համար դպրոցներում անվճար սնունդ կտրամադրվի: Այս տարի իրականացվել է եւ շարունակվելու է լսողութայն խանգարումներ ունեցող երեխաների ինտերակտիվ ուսուցման ծրագիրը՝ հեռավոր բնակավայրերում ապրող ութ երեխաների ընդգրկմամբ:
Այդպիսի խնդիրներ ունեցող երեխաների համար ուսուցում է կազմակերպվելու նաեւ Ստեփանակերտի 9-երորդ դպրոցում:
Հաշմանդամների համար կրթական ծրագրերից մեկն էլ նրանց զբաղվածության խնդրին է վերաբերում: Հաշմանդամներին ոչ միայն մասնագիտական նոր որակներ ձեռքբերելու հնարավորություն է տրվում, այլեւ գործում է հաշմանդամների համար աշխատավարձի փոխհատուցման եւ աշխատանքի տեղավորման աջակցության ծրագիր: Այս ծրագրից սակայն անցած տարի օգտվել է ընդամենը չորս հաշմանդամ, չնայած պետությունը ոչ միայն աշխատավարձի մի մասն է իր վրա վերցնում, այլեւ գործատուին օգնում է հարմարեցված աշխատատեղի ստեղծման հարցում, նաեւ փոխհատուցում է տրամադրվում:
karabakh-open.info