
Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է կառավարության նոր կազմը

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի Գերագույն ռադան երեկ երեկոյան իր նիստում համաձայնեցրել ու հաստատել է կառավարության նոր կազմը: Խորհրդարանական դաշինքի առաջարկած թեկնածությունների փաթեթի օգտին քվեարկել է 288 պատգամավոր:
Ուկրաինայի նոր կառավարությունը գլխավորում է վարչապետի պաշտոնում նոյեմբերի 27-ին վերընտրված Արսենի Յացենյուկը: Նրա տեղակալներն են Գենադի Զուբկոն, Վյաչեսլավ Կիրիլենկոն, Վալերի Վոշչևսկին: Առողջապահության նախարար է նշանակվել Վրաստանի առողջապահության ու սոցիալական պաշտպանության նախկին նախարար Ալեքսանդր Կվիտաշվիլին:
Ներքին գործերի նախարարն Արսեն Ավակովն է, ֆինանսների նախարարը` Նատալյա Յարեսկոն, կրթության նախարարը` Սերգեյ Կվիտը, էներգետիկայի նախարարը` Վլադիմիր Դեմչիշինը, արդարադատության նախարարը` Պավել Պետրենկոն, բնապահպանության նախարարը` Իգոր Շևչենկոն:
Նախագահի ներկայացմամբ Գերագույն ռադան առանձին քվեարկությամբ պաշտպանության նախարար է նշանակել Ստեփան Պոլտորակին ու արտգործնախարար Պավել Կլիմկինին: