Ռեկորդ ԱԺ-ում. «Ամենակարևոր փաստաթուղթը ներկայացրեցին 2.5 րոպեում»
Այսօր ԱԺ հերթական նիստում «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը շնորհավորեց ռեկորդի կապակցությամբ. «Ամենակարևոր փաստաթուղթը ներկայացրեցիք 2.5 րոպեում»:
Ա.Արզումանյանը նշեց, որ հարգում է Ռուսաստանին, ունի ռուսական կրթություն, նույն կերպ հարգում է կորեացիներին, չնայած Կիմ Չեն Իրը դիկտատոր է: Ըստ նրա՝ Արևմուտքը սրա հետ կապ չունի, կապ ունի Ռուսաստանը, որ հակասանկցիաներ է կիրառել, ու Մոսկվայում Մակդոնալդսը փակելով ոչ թե ամերիկացիներին է վնասել, այլ իր արտադրողին թույլ չի տալիս աշխատել, որովհետև Մակդոնալդսի միայն անունն է ամերիկյան, մնացածը ռուսական է:
«Սա քաղաքական պայմանագիր է: Սրա դիմաց Ղրղրզստանը Մանասի բազան փակում է»,- ասաց նա:
«Դե գիտեք ինչ կա, ցանկացած պրոցես սկիզբ ունի: Հիմա ասեմ՝ կոպիտ կստացվի: Չի կարող երեխան մի րոպեում ծնվել»,- հակադարձեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«Կարո՞ղ եք այլ օրինակ էլ բերել»,- խնդրեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: