Ի՞նչ է եղել գիշերվա ընթացքում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Այսօր ԱԺ հերթական նիստում «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանից հետաքրքրվեց, թե երբ 2014թ. հունվարի 31-ին Սերժ Սարգսյանը հանդիպել է Պրահայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, և երբ հարցրել են՝ ինչ ո՞ւ չհարցրիք հայության կարծիքը ՄՄ-ին անդամակցելու հետ կապված, ասել է, թե չէր կարող մեկ գիշերում հարցնել բոլորի կարծիքը. «Չեք պարզաբանի՞ ինչ գիշերվա մասին է խոսքը, ի՞նչ է եղել այդ գիշերվա ընթացքում»:
Ն.Փաշինյանը նշեց, որ փոխնախարարը չի հրապարակում ապրանքների ցանկը, որ թանկանալու է, պատճառաբանելով, թե «կես ժամ կտևի»: Պատգամավորը հայտարարեց, որ առավոտից խոսում են ԵՏՄ պայմանագրի մասին, իսկ դոլարի կուրսը հասել ու անցել է 460 դրամը և դա ուղղակի կապված է ԵՏՄ տարածքում տեղի ունեցող պրոցեսների հետ:
«Ես չեմ իմանում ինչ գիշերվա մասին եք խոսում, բայց մի գիշերվա ընթացքում երբևիցե որոշում չի կայացվել: Այդ պրոցեսը տևել է տարիներ: Ես այդ բանակցություններին ինքս անձամբ ներկա եմ եղել, փորձել ենք հասկանալ, թե ԵՏՄ-ն ինչ ազդեցություն կունենա, ԵՄ-ն ինչ ազդեցություն կունենա: Բազմաթիվ քննարկումներ են եղել»,- վստահեցրեց Ս.Կարայանը:
Թանկացումների հետ կապված նա նշեց, որ բացառություն ստացած 750 ապրանքները շատ զգայուն են, ներկրվում են երրորդ երկրներից և հանդիսանում են սպառողական զամբյուղի մաս ու դրանց մաով կարող էին թանկացումներ լինել: Ըստ փոխնախարարի՝ երկրորդ խումբը հումքն է, որ ներկրվում է երրորդ երկրներից, և թանկացումը մեր արտադրողների ապրանքների վրա կազդեր, երրորդ խումբը դեղամիջոցներն են:
«Մենք այսօր դեռ չենք միացել, Դուք բերում, դոլարի կուրսն եք կապում»,- ասաց Ս.Կարայանը՝ հավելելով, որ ՀՀ տնտեսությունն արդեն սերտ ինտեգրված է ԵՏՄ պետությունների տնտեսությունների հետ, և դա անկախ այն հանգամանքից, որ մենք միանում ենք ԵՏՄ-ին. «Մենք ընդամենը առավելություն ենք ստեղծում՝ հեշտացնում ենք մուտքը ԵՏՄ և համատեղ փորձելու ենք դիմակայել համաշխարհային մարտահրավերներին»:
«Ստացվելու է, որ մեր ժողովուրդը «Тройной одеколон» է սկելու օգտագործել, կամ էլ վարունգի դուխի»,- ԽՍՀՄ տարիները հիշեցրեց Ն.Փաշինյանը:
«Красная Москва»,- նրան ուղղեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: