Էթյեն Մահչուփյանը կանխատեսել է 2015 թվականին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ վերջերս Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական նշանակված Էթյեն Մահչուփյանը կանխատեսումներ է արել 2015 թվականին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների շուրջ:
Ընտրություններից մոտ կես տարի առաջ Մահչուփյանի արած կանխատեսման համաձայն՝ ընտրությունների արդյունքներով (իշխող) «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ստանալու է քվեների 48 տոկոսը, (քեմալական) «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ)՝ 24 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 15 տոկոսը, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ)՝ 6 տոկոսը, իսկ մյուս կուսակցությունները՝ 7 տոկոսը:
Մահչուփյանի խոսքերով՝ կա երկու միլիոնանոց ընտրազանգված, որոնք տատանվում են ԱԶԿ-ին ու ԱՇԿ-ին ընտրելու միջև, և որ սովորաբար ՏԻՄ ընտրություններում այդ քվեները բաժին են ընկնում ԱՇԿ-ին, իսկ խորհրդարանական ընտրություններում՝ ԱԶԿ-ին: Մահչուփյանը չի կարծում, թե անգամ «Քրդական հարցը» կարող է էական ազդեցություն ունենալ ընտրական մթնոլորտի վրա:
Մահչուփյանը հիշեցրել է, որ այս տարվա մարտին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում ԱԶԿ-ն ստացել է քվեների 44 տոկոսը, և ակնկալվում է, որ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նա կառաջադիմի 4 տոկոսով՝ գրանցելով 48 տոկոսանոց արդյունք:
Ինչ վերաբերում է ԺԴԿ-ին, ապա Մահչուփյանը հավանական չի համարվում, որ այդ կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կարող է կրկնել այս տարվա նախագահական ընտրություններում գրանցած արդյունքը՝ 10 տոկոս:
Հիշեցնենք, որ 2015 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում 4 տարով կհաստատվի ընտրական դադար, և 2019 թվականին Թուրքիայում կանցկացվի միանգամից 3 ընտրություն՝ ՏԻՄ, խորհրդարանական ու նախագահական, ինչն աննախադեպ է Թուրքիայի պատմության ընթացքում: