Եվրասիական տնտեսական միությունը մտադիր է հրաժարվել դոլարից ու եվրոյից
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ ԵՏՄ-ի տարածքում կարող են արգելել անդամ երկրների միջև հաշիվների վարման ժամանակ դոլար ու եվրո օգտագործելը: Միայն ազգային արժույթներով (ռուբլի, բելառուսական ռուբլի, թենգե, դրամ) հաշիվներ վարելը պետք է իրականացվի մինչև 2025-2030 թվականը:
Այդպիսի առաջարկ է պարունակում ԵՏՄ-ի տարածքում վճարման համակարգերի զարգացման հայեցակարգի նախագիծը: Այս մասին թերթին հայտնել է Ազգային վճարումների խորհրդի նախագահ, Ռուսական արդյունաբերողների ու ձեռնարկատերերի փոխնախագահ Ալեքսանդր Մուրիչևը:
Վերջինս նոյեմբերի 28-ին Կազանում տեղի ունեցած ԵՏՄ-ի վճարման համակարգերի ու ենթակառուցվածքների զարգացման մասին խորհրդաժողովի ժամանակ ներկայացրել է իր առաջարկի մանրամասները: Փաստաթղթում առաջարկվում է հրաժարվել ԵՏՄ-ի տարածքում դոլարի ու եվրոյի մուտքից, և ԵՏՄ-ի անդամ երկրների համար ստեղծել ընդհանուր վճարային տիրույթ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՄ-ի կառավարություն) տվյալներով՝ 2013 թվականին Մաքսային միության անդամների միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 64.1 միլիարդ դոլար: Ներկայումս Մաքսային միության անդամների միջև հաշիվների վարումը մոտ 50 տոկոսն իրականացվում է ռուբլով, 40 տոկոսը՝ դոլարով, 8-9 տոկոսը՝ եվրոյով, և մոտ 1 տոկոսը՝ այլ արժույթներով: