Քաղաքագետ. Չի կարելի բացառել ներքին անկարգությունները Ռուսաստանում և նույնիսկ փլուզումը երկրի ներսում

Դժվար է ասել, թե ինչ ելք կունենա Արևմուտքի և Ռուսաստանի ներկայիս դիմակայությունը, բայց չի կարելի բացառել, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների և նույնիսկ երկրի փլուզմանը: Այս կարծիքին է քաղաքագիտության դոկտոր Բեռլինի Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի գերմանական ինստիտուտի (SWP) Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի հետազոտությունների բաժնի փոխտնօրեն Սյուզան Ստյուարտը:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ներկա աշխարհաքաղաքական իրադրությանը` նա կարծիք հայտնեց, որ Ռուսաստանն այժմ ներքուստ ավելի ու ավելի է թուլանում` ոչ միայն պատժամիջոցների ու նավթի ցածր գների, այլև այն պատճառով, որ Ռուսաստանի ղեկավարությանը վերջին 20 տարիների ընթացքում չհաջողվեց բարեփոխել երկրի կառավարման և տնտեսական ենթակառուցվածքների կարևոր ճյուղերը:

«Մինչ օրս Ռուսաստանը փորձել է փոխհատուցել այդ թուլությունը հարևան երկրների նկատմամբ Ռուսաստանի ուժը ցուցադրելու միջոցով: Եվրամիությունն այսքան ժամանակ հանդուրժում էր Ռուսաստանի գործողությունները հարևանների հանդեպ, բայց Ռուսաստանը չափն անցավ` անեքսիայի ենթարկելով Ղրիմը և  ապակայունացնելով վիճակը Ուկրաինայում, մասնավորապես` Դոնբասում,  և ԵՄ-ն (նաև Միացյալ Նահանգները) որոշեց, որ անհրաժեշտ է խստորեն արձագանքել դրան»,- նշեց մեր զրուցակիցը:

Ստյուարտի խոսքով` Արևմուտքն, այուամենայնիվ, առայժմ հակված չէ դիմել ռազմական գործիքների` հակամարտությունը լուծելու համար, և պայքարում է գլխավորապես տնտեսական դաշտում: Իհարկե, խոսքը չի վերաբերում Ուկրաինային, որտեղ տնտեսական հետևանքներով հանդերձ նաև չհայտարարված պատերազմ ընթանում է:

Քաղաքագետը նաև ավելացրեց, որ այսօր Արևմուտքում կան խաղացողներ, ովքեր ուզում են հրաժարվել ճնշումներից և համաձայնության գալ Մոսկվայի հետ, բայց առայժմ նրանք գերիշխող չեն.

«Առայժմ պարզ չէ, թե միջնաժամկետ հեռանկարում Ռուսաստանն ինչպես կպատասխանի Արևմուտքի տնտեսական ճնշումներին, սակայն չի կարելի բացառել կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանի կողմից հետագա ռազմական գործողությունները, ինչպես նաև միջնաժամկետ հեռանկարում ներքին անկարգություններն ու նույնիսկ փլուզումը երկրի ներսում: Սա շատ բացասական հետևանքներ կունենա ԵՄ-ի համար` քաղաքական, տնտեսական և անվտանգության բնագավառներում: Սակայն Ռուսաստանի այսօրվա պահվածքը հանդուրժելը նույնպես կարող է հանգեցնել ավելի մեծ ագրեսիայի, ինչը նույնպես  բացասական հետևանքներ կունենա ԵՄ-ի և Ռուսաստանի հարևանների համար: Հետևաբար, այս դիմակայության համար կարելի է միայն վատ հետևանքներ կանխատեսել` համենայն դեպս կարճ և միջնաժամկետ հեռանկարում»:

Արդյո՞ք Արևմուտքն ու Ռուսաստանն այսօր խաղում են, այսպես կոչված, «զրոյական ելքով խաղ», երբ կողմերից մեկն անպայման պետք է հաղթի:

Մեկնաբանելով այս հարցը` Սյուզան Ստյուարտն ասաց` Ռուսաստանը ակնհայտորեն իր հարևան երկրներում ազդեցության հարցը դիտարկում է որպես այդպիսի խաղ, ուստի փորձում է սահմանափակել արտաքին ուժերի ազդեցությունն այդ տարածքներում, իսկ ԵՄ-ն շարունակում է հավատալ, որ իրավիճակը կարելի է հարթել այնպես, որ երկու կողմերն էլ շահեն, բայց արդեն հասկացել է, որ Ռուսաստանն այլ կերպ է մտածում:

«Այժմ ԵՄ-ն պետք է մտածի այնպիսի ռազմավարություն, որը հաշվի կառնի այս երկու հեռանկարների տարբերությունը: Իսկ դա այնքան էլ հեշտ չի լինի, որովհետև գրեթե անհնար է սահմանել ընդհանուր նպատակներ, որոնց հասնելու շուրջ ԵՄ-ն և Ռուսաստանը կարող են միասին աշխատել»,- ավելացրեց քաղաքագետը:

Տեսանյութեր

Լրահոս