Տնտեսագետն արտագնա աշխատանքից վերադարձածներին խորհուրդ է տալիս իրենց հետ բերած ռուբլով ոսկի գնել

Արտագնա աշխատանքի՝ Ռուսաստան մեկնած Հայաստանի քաղաքացիները` վերադառնալով Հայաստան, չգիտեն՝ իրենց հետ բերած ռուսական ռուբլին վերածե՞լ  հայկական դրամի, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ ռուբլու փոխարժեքն այսօր բավական ցածր է, և մարդիկ հույս ունեն, որ առաջիկայում այն կբարձրանա:

168.am-ի հետ զրույցում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ Ռուսաստանն իր 2015 թվականի պետական բյուջեի նախագծում 1 դոլարի արժեքը սահմանել է 37 ռուբլի: Ըստ նրա՝ եթե այսօր ռուսական ռուբլին բարձրացել է՝ դառնալով 40 ռուբլի՝ 1 դոլարի դիմաց, ապա միևնույն է՝ այն մի քանի ամիս հետո դարձյալ իջնելու է՝ հասնելով 37 ռուբլու: Սակայն նա դժվարանում է կանխատեսել, թե դա երբ տեղի կունենա:

Gagik Makaryan«Դժվարանում եմ ասել, որովհետև չի բացառվում, որ Ռուսաստանն այդ ցուցանիշին հասնի, ասենք, 2015 թվականի երկրորդ կեսին կամ վերջերին: Երկրորդ խնդիրն այն է, որ մեզ մոտ դոլարը շատ կտրուկ բարձրացավ: Հնարավոր է՝ այդքան չզսպեն, որովհետև  Կենտրոնական բանկն էլ այդքան փող չունի: Հիշո՞ւմ եք՝ մի տարի զսպելու համար 750 միլիոն դոլար փող էին ծախսել: Այդպիսի գումարներ ծախսելը լուրջ բան է, մեր այսօրվա Հայաստանի տնտեսության վիճակը թույլ չի տալիս: Այսինքն՝ կարող է այնպես լինել, որ դոլարն էլ շարունակի թանկանալ, արժևորվի դոլարը դրամի նկատմամբ»,- ասում է Գ. Մակարյանը:

Միաժամանակ տնտեսագետն այն քաղաքացիներին, որոնք ունեն ռուսական ռուբլի,  խորհուրդ է տալիս ոսկի գնել, քանի որ առաջիկայում ոսկին թանկանալու է. «Այդ քաղաքացիներն իրենք պետք է որոշեն՝ ինչ անել: Այսօր ոսկին է էժան, և, օրինակ, խորհուրդ կտամ՝ իրենք ոսկեղեն գնեն, որովհետև ոսկին էժան է, բայց կթանկանա: Նրանք կարող են ոսկի վերցնել, դրանով որոշակի գումար պահել: Բայց այդ մարդկանց մի մասը նաև ապրելու խնդիր ունի: Կարող է՝ իրենց պետք է փող, որ կարողանան ծախսել»:

Կարդացեք նաև

Հարցին, թե առաջիկայում ավելի շատ չի՞ իջնի ռուբլին, Գ. Մակարյանը պատասխանեց՝ ամեն դեպքում շատ չի իջնի, որովհետև ՌԴ կառավարությունն իր բյուջեում այն հաշվարկել է 37 ռուբլի:

Vahagn XachatryanՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ կարծում է՝ եթե մարդիկ գումար ունեն, որոնք դեռևս կարող են խնայել, ապա ավելի ճիշտ կլինի՝ այն վերածեն որևէ կայուն արտարժույթի՝ կա՛մ եվրոյի, կա՛մ դոլարի, ու հետագայում արդեն իրենց օրվա ծախսերի հետ կապված փոխանակություն անեն. «Առաջին եռամսյակում ռուբլին և դրամն աճելու հնարավորություններ չեն ունենա հաստատ: Ես նույնիսկ կարող եմ ասել՝ մինչև  2015 թվականի կեսը»:

Ըստ տնտեսագետի՝ դրա մասին են վկայում նաև այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները՝ ռուսական ռուբլու հետ կապված. «Հայկականն էլ, իհարկե, կախված է ռուսական ռուբլու այն տրամաբանությունից, որ Ռուսաստանի տնտեսության վիճակի լավացման միտումները դեռևս չեն երևում»:

Վ. Խաչատրյանը կարծում է՝ բոլոր դեպքերում ռուբլին մեծ տատանումների մեջ է. «Այդ մասին են ասում հենց ռուս մասնագետները կամ մասնագիտական խմբերը, նաև պետական պաշտոնյաների վերլուծությունները, տեսակետները: Եթե հիմա ռուբլին 44 ու մի քիչ ավելի դրամ է, առաջիկայում այն կարող է ավելի ամրապնդվել՝ մինչև 41, 42 դրամի միջակայքում»:

 

Տեսանյութեր

Լրահոս