
Ցավալի է, որ Ռուսաստանն այդպես պատասխանեց մեր կառուցողական քաղաքականությանը. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ` աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, մեկնաբանելով Ռուսաստանի ու Աբխազիայի միջև Դաշնակցային պայմանագրի ստորագրումը, ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանն այդպիսի գործողություններով է պատասխանել իրենց կառուցողական քաղաքականությանը:
Գարիբաշվիլին դատապարտել է տեղի ունեցածը` հայտարարելով, որ այսպես կոչված պայմանագիրը հաուցում է մտահոգություն: Նա հիշեցրել է, որ Վրաստանի իշխանությունները ձեռնարկել են բոլոր միջոցները` տարածաշրջանում կայունություն պահպանելու համար, ինչպես նաև ձեռնարկել են կառուցողական մի շարք քայլեր` բարելավելու համար Ռուսաստանի հետ հարաբերությունները.
«Սա շատ տխրեցնող փաստ է: Մոսկվան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նրանք, ինչպես երևում է, իրականում չեն ցանկանում բարելավել քաղաքական հարաբերությունները: Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ապա դա առանձին հարց է: Մենք չենք շոշափում տնտեսական հարաբերությունները»: