Թուրքիան կզբաղվի Փեշմերգայի ու Սիրիական ազատ բանակի մարտիկների ռազմական ուսուցմամբ
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ` թուրք զինվորականները Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածքում զբաղվել են Փեշմերգայի մոտ 230 մարտիկների ռազմական ուսուցմամբ և պատրաստվում են Թուրքիայի տարածքում մարզել Սիրիական ազատ բանակի 2000 զինյալի:
Այս մասին թերթին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան: Թուրքիան մեկ ամսվա ընթացքում ռազմական դասընթացներ է անցկացնելու Փեշմերգայի մարտիկների համար: Թուրք անանուն դիվանագետի խոսքերով` Փեշմերգայի մարտիկների ռազմական պատրաստությունը շարունակվելու է այնքան, որքան որ դա անհրաժեշտ լինի:
Աղբյուրն ընդգծել է, որ Սիրիական ազատ բանակի 2000 զինյալի ռազմական ուսուցումն իրականացվելու է Թուրքիայի կենտրոնական հատվածում` Քըրշեհիրի նահանգում: Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել նախորդ շաբաթ Անկարայում թուրք ու ամերիկացի զինվորականների միջև բանակցությունների ժամանակ:
Սիրիական ազատ բանակի մարտիկների համար զենքն ու զինամթերքը հատկացնելու է ԱՄՆ-ը, իսկ նրանց ռազմական պատրաստությամբ զբաղվելու են թուրք զինվորականները: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը պլանավորում է տարեկան ռազմական ուսուցում տալ ու սպառազինել Սիրիական ազատ բանակի 5000 զինյալի, որոնցից 2000-ին` Թուրքիայի տարածքում: