Անտարբերություն՝ ՀՀ-ի համար ճակատագրական հարցում

Երեկ ԱԺ-ի երկու` Արտաքին հարաբերությունների և Տնտեսական հանձնաժողովները կազմակերպել էին խորհրդարանական լսումներ «ՀՀ-ի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով: Այս քննարկումների ժամանակ բազմաթիվ ելույթներ հնչեցին, որոնց հեղինակների մի մասը ԵՏՄ-ին Հայաստանի միանալը համարում էր դավաճանություն, իսկ այդ պայմանագրին կողմ քվեարկողներին հայտարարում ապագա դավաճաններ, իսկ մյուսները տնտեսական և աշխարհաքաղաքական տարբեր հիմնավորումներ էին ներկայացնում` ապացուցելու համար, թե ինչ օգուտներ կարող է ստանալ Հայաստանն այդ միությունից, և, որ այդ միությանը Հայաստանի անդամակցությանը դեմ են միայն մեր բացահայտ թշնամիները:

Բայց երեկ տեղի ունեցած խորհրդարանական լսումները հետաքրքիր էին նաև այլ տեսակետից. Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրն ԱԺ բերելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ խորհդարանում ներկայացված քաղաքական ուժերը հնարավորություն ունեին ներկայացնելու այդ համաձայնագրի վերաբերյալ իրենց տեսակետը և միաժամանակ լսելու, թե ինչ տեսակետ ունեն այդ համաձայնագրի վերաբերյալ հասարակության ներկայացուցիչները, քանի որ լսումներին մասնակցում և ելույթ էին ունենում տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մինչդեռ խորհրդարանի վեց խմբակցություններից առնվազն երեքի ներկայացուցիչները, կարելի է ասել, չմասնակցեցին երեկվա խորհրդարանական լսումներին: ՀԱԿ-ից մասնակցում էր միայն Նիկոլ Փաշինյանը, ով չի ներկայացնում ՀԱԿ խմբակցությունը: Որոշ ժամանակ ներկա լինելով դահլիճում` նա ոչ հարց տվեց զեկուցողներին, և ոչ ելույթ ունեցավ: 35 հոգանոց ԲՀԿ խմբակցությունից մի շատ կարճ ժամանակով դահլիճում էին Եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ովքեր ևս ոչ մի կերպ չարտահայտեցին ԲՀԿ խմբակցության դիրքորոշումը: ՀՅԴ-ից լսումներին ներկա էր նախ` խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, իսկ հետո` Արծվիկ Մինասյանը, ովքեր նույնպես չմասնակցեցին քննարկումներին` ո՛չ հարցերի, ո՛չ ելույթների տեսքով:

Ամենայն հավանականությամբ, այս խմբակցություններն այդպես էլ դիրքորոշում չեն արտահայտի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ, նույնիսկ այն ժամանակ, երբ այն պաշտոնապես կքննարկվի խորհրդարանում: Ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա այն կհայտարարվի ազատ, և մեծամասնությունը կողմ կքվեարկի փաստաթղթին, թեև կլինեն նաև քվեարկության ժամանակ դահլիճից բացակայողներ կամ ձեռնպահներ: Այսինքն՝ քվեարկությունը ևս կանցնի նույնպիսի անտարբերության մթնոլորտում:

Տեսանյութեր

Լրահոս