Իրանը կփորձի համոզել Սաուդյան Արաբիային՝ կրճատելու համար նավթի արդյունահանման ծավալը
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Նամդար Զանգանեհը նոյեմբերի 27-ին Վիեննայում հանդիպելու է իր սաուդցի գործընկեր Ալի ալ-Նաիմիի հետ, որպեսզի նավթային հսկային համոզի կրճատել նավթի արդյունահանման ծավալը:
Նախարարի խոսքերով՝ Իրանը OPEC-ի բոլոր անդամներին կոչ է անում մերձեցնել իրենց դիրքորոշումները և ընդգծում է, որ OPEC-ի անդամների միջև յուրաքանչյուր տարաձայնություն բացասական հետևանքներ կունենա «սև ոսկու» համաշխարհային գների վրա:
Իրանցի ու սաուդցի նախարարները հանդիպելու են Վիեննայում OPEC-ի անդամ երկրների հերթական տարեկան հանդիպման շրջանակներում: Ենթադրվում է, որ հանդիպման ժամանակ առաջարկվելու է OPEC-ի անդամ երկրների նավթարդյունահանման ծավալը նվազեցնել մինչև օրական մեկ միլիոն բարելի:
Սրանից առաջ Վենեսուելայի արտգործնախարար Ռաֆայել Ռամիրեսը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է կրճատել նավթի արտադրությունը, եթե OPEC-ն ընդունի համապատասխան որոշում: Լիբիայի ու Էկվադորի ներկայացուցիչները համաձայնվել էին տվյալ նախաձեռնության հետ: Հունիսից սկսած՝ նավթի գինն անկում է ապրել մոտ 30 տոկոսով: