
ԼՂՀ ՊՆ. Հերթական անգամ Ադրբեջանը փորձ է անում պարտակել սեփական անճարակությունը

Անդրադառնալով ս.թ. նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անկման վայրում ՊԲ-ի կողմից իրականացված հատուկ նշանակության գործողության վերաբերյալ ԼՂՀ պաշտպանության նախարարության այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել կատարվածը հերքող պատասխան տեղեկատվությամբ, որում մասնավորապես ժխտում է, իր ներկայացմամբ՝ երեկ ունեցած սեփական կորուստների փաստը:
Ի գիտություն Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական քարոզչամեքենայի և նրան սպասարկող լրատվամիջոցների, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի տարհանման հատուկ նշանակության գործողությունն իրականացվել է ոչ թե երեկ, այլև այն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել առաջնային գծում կրած իր կորուստների վերաբերյալ` դրանք ներկայացնելով որպես հայ դիպուկահարների կողմից արձակված կրակոցների արդյունք:
Հիշեցման կարգով հավելենք, որ նման բովանդակությամբ հաղորդագրություններից մեկը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից մամուլում տարածվել է նոյեմբերի 20-ին:
Դե ինչ, սա ադրբեջանական քարոզչությանը հատուկ մարտավարական հնարք է, որով հերթական անգամ փորձ է արվում պարտակել սեփական անճարակությունը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն