
Ուկրաինայում հրադադարից հետո զոհվել է գրեթե 1000 մարդ. ՄԱԿ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 5-ին Դոնբասում հայտարարված հրադադարից հետո զոհվել է 957 մարդ: Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի նոր զեկույցում, որում տեղ են գտել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ:
ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով վարչության տվյալներով՝ ապրիլի կեսերից մինչև նոյեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի արևելքում հակամարտության հետևանքով զոհվել է առնվազն 4317 և վիրավորվել է 9921 մարդ: Սեպտեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 18-ը զոհվել է 957 մարդ, որոնցից 838-ը տղամարդիկ են, իսկ 119-ը՝ կանայք:
Դրա հետ մեկտեղ չի բացառվում, որ նրանց մի մասը սպանվել է նախքան հրադադարը: Հաշվետվության մեջ նշված է, որ ներքին տեղահանվածների թիվը նոյեմբերի 19-ի դրությամբ հասել է 466.829 մարդու: Սեպտեմբերի 18-ին այդ ցուցանիշը կազմել է 275.489 մարդ: