Արծվիկ Մինասյանը` վարչական ակտերի ծանուցման վերաբերյալ. Ինչո՞ւ է վարչական մարմնին դատական ֆունկցիա տրվում
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ինչպես ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, քաղաքացու ծանուցումը պետք է կատարվի հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:
Նա նշեց, որ սահմանաչափ է մտցվել և հանրային իրավական դրամական պահանջները գանձվելու են միայն դատական վճռի առկայության դեպքում, եթե ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է 200 հազար դրամը, կամ ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր չէ առանց նրան սեփականության իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման, իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ եթե նույնիսկ այդ սահմանաչափը 1000 դրամ լիներ, որքանո՞վ է դա համապատասխանում սահմանադրական նորմին, որ քաղաքացուց գանձվի գումար վարչական ակտով՝ առանց դատական ակտի:
Ա.Մկրտչյանը պատասխանեց, որ Սահմանադրության 31-րդ հոդվածը կիրառելի չէ այս դեպքերի համար. «Սեփականազրկում ինքնին տեղի չի ունենում: Վարչական ակտերը փաստն արձանագրող փաստաթղթեր են»:
«Սեփականազրկման դասական դեպք է, որ գումարը պետք է բռնագանձվի: Ինչո՞ւ չի քննարկվում նման դեպքերը դատական կարգով քննելու հարցը, ինչո՞ւ է վարչական մարմնին դատական ֆունկցիա տրվում»,- վրդովվեց Ա.Մինասյանը:
ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը տարակուսեց, թե ինչո՞ւ է ընտրվել 200 հազար դրամ սահմանաչափ, եթե մինչ օրս գրանցված դեպքերում տույժերը հիմնականում չեն գերազանցել այդ գումարը: Նա նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է օրինագծով նախատեսվող համաներումը տարածվում մինչև 2012թ. գրանցված խախտումների վրա, եթե դրանից առաջ արագաչափերը, կարմիր գծերն ու տեսասարքերը տարածված չէին:
ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը պարզաբանեց, որ համաներումը չի տարածվում միայն արագաչափերի հետ կապված դեպքերի վրա, այն ավելի ընդգրկուն է և մաքսային, գույքահարկերի դեպքում բավականին դեպքեր կան, որոնց վրա տարածվում է:
Ըստ Հ.Սահակյանի՝ 200 հազարի համար հիմք է ընդունվել նվազագույն աշխատավաձի չափը և որոշվել է, որ վարչական տուգանքի ենթարկված անձը պետք է կարողանա գոնե 6 ասում վճարել՝ առանց զրվելով իր վերջին գումարից: