Բուհերում աշխատողներ փնտրող գործատուների թիվն ավելանում է
«Բուհից աշխատաշուկա` 1 քայլ» խորագրով աշխատանքի միջբուհական տոնավաճառը տարբերվում է մյուսներից նրանով, որ ուսանողներին և շրջանավարտներին աշխատատեղերի և պրակտիկաների հստակ առաջարկներ է ներկայացնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տոնավաճառի կազմակերպիչ կառույցի` ԵՊՀ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Հակոբյանը: «Մենք ամբողջ տարվա ընթացքում առավել ակտիվ, առավել շատ թափուր աշխատատեղեր առաջարկող ու կադրային քաղաքականություն մշակած կազմակերպությունների հետ աշխատել ենք անմիջականորեն: Այսօր տոնավաճառին մասնակցում է 110 կազմակերպություն, ութ բուհ: Սա մի քանի տարիների աշխատանքի արդյունք է սա»,- ասաց Լիլիթ Հակոբյանը:
Տոնավաճառի կազմակերպիչներն ակնկալում են, որ ուսանողներն ու շրջանավարտները պրակտիկաների ու աշխատատեղերի մասին ինֆորմացիա ստանան հենց գործատուներից և հնարավորություն ստանան դրանցում ներգրավվելու: «Այս աշխատաշուկան այնքանով է տարբերվում մյուսներից, որ հստակ առաջարկելու բան ունենք ուսանողներին: Մենք կազմակերպությունների առջև նախապայման ենք դրել, որ պարտադիր պրակտիկաներ ու աշխատատեղեր առաջարկեն, որպեսզի ուսանողը մոտենալիս հիասթափված ու հուսահատված չհեռանա: Մեր հիմնական նպատակն է, որ ուսանողը աշխատանք գտնի»,-նշեց Լիլիթ Հակոբյանը` հավելելով, որ արդյունքները հստակ կլինեն որոշ ժամանակ հետո:
Հարցին ի պատասխան, թե որքան հաճախ են ուսանողները դիմում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնին` աշխատանք գտնելու նպատակով, իսկ գործարարները փորձում կենտրոնի միջոցով աշխատողներ գտնել հենց համալասրանից` Լիլիթ Հակոբյանը նշեց. «Տարեցտարի կազմակերպությունների, ձեռնարկությունների, առհասարակ, պոտենցիալ գործատուների մոտ գիտակցություն է ձևավորվում, որ աշխատեն բուհի հետ, սկզբում պրակտիկայի վերցնեն ուսանողներին, հետո էլ արդեն աշխատատեղերի համար պայմանավորվեն: Գործատուն, առաջին հերթին, շատ թանկ է գնահատում իր ժամանակը և, որպեսզի ժամանակ չկորցնի, տարբեր տարիների ընքացքում աշխատելով ուսանողների հետ, արդեն աշխատանքի է ընդունում որոշակի պատրաստված կադրերի»:
Ինչ վերաբերում է կարիերայի կենտրոնի և ուսանողների կապերին, ապա դրանք անմիջական են, շարունակական: «Բոլոր էլեկտրոնային ռեսուրսներով փորձում ենք կապ հաստատել, նաև սոցիալական ցանցերն ենք կիրառում, որպեսզի ինֆորմացիան հեշտ ու անմիջական տարբերակով տեղ հասցնենք»,-շեշտեց կենտրոնի ղեկավարը:
Անդրադառնալով «ՀՀ կրթական համակարգ և աշխատաշուկա. առկա խնդիրներն ու փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլեր» խորագրով հանրապետական կլոր սեղան-քննարկմանը, որը պետք է տեղի ունենա տոնավաճառի շրջանակներում, Լիլիթ Հակոբյանը հույս հայտնեց, որ այն թույլ կտա մատնանշել բուհական համակարգում և աշխատաշուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման տարբերակների որոնումը:
«Մենք ունենք համաժողով ու աշխատաժողովներ, որանք տարբեր թեմատիկ ուղղվածության են`նախատեսված ուսանողների ու շրջանավարտների համար: Համաժողովին մասնակցում են տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, բուհերի ղեկավարներ, փորձագետներ, պետական պաշտոնյաներ, ովքեր քաղաքականություն մշակող են, և նրանց դեմ առ դեմ քննարկումը հուսով ենք, որ արդյունավետ կլինի»,-ընդգծեց Լիլիթ Հակոբյանը: