Աղանդավորական հավաք՝ հիմա էլ մանկական գրադարանում

«Վերջերս տեղի ունեցած ասուլիսից հետո մեզ բազմաթիվ զանգեր եղան, որ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ինչ-որ կրոնական կազմակերպություն իրականացնում է բուժումներ, որոնց մասնակցել են նրանց բարեկամները, բայց կազմակերպության մասին ոչ մի տվյալներ չունեին»,- նման հայտարարությամբ այսօր հանդես եկան Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահներ Սևակ Հովհաննիսյանը և Դանիել Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Վերջիններիս խոսքով՝ այս մասին իմանալուց հետո փորձել են հետաքրքրվել, պարզել տեղեկատվության իսկությունն ու մանրամասները, և արդյունքում պարզվել է, որ իսկապես նման հավաք է անցկացվում.

«Կիրակի օրը՝ ժամը 12-ին, մենք գնացինք գրադարան, բայց մեզ ներս չթողեցին, արգելեցին մուտք գործել դահլիճ: Բայց եթե կրոնական կազմակերպություն է, ուրեմն բաց կառույց է, և բոլորն էլ կարող են մասնակցել նրանց հավաքներին: Հետո մեզ մի կին մոտեցավ և իմանալով, որ մենք աղանդների դեմ պայքարող կազմակերպություն ենք՝ սկսեց ագրեսիվ տոնով ասել, որ իրենք աղանդ չեն, պարզապես հավաքներ են անցկացնում, քարոզներ ու բուժումներ իրականացնում: Ղեկավարի անունը հարցրեցինք, ասաց՝ Վահագն Հարությունյան:

Այնուհետև փորձեցինք գրադարանի տնօրինության հետ հանդիպել, սակայն մեզ մոտ եկավ մի կին, որն անգամ չներկայացավ և ասաց, որ տնօրինությունը տեղյակ է իրականացվող հավաքի մասին: Հարցին, թե ի՞նչ իրավունքով են այստեղ աղանդավորական կազմակերպությունները հավաքներ և քարոզներ իրականացնում, այդ կինը խուսափեց պատասխանից և մեզ մի քանի կանայք պարզապես դուրս հանեցին այնտեղից»,- այսօր հրավիրված ասուլիսում պատմեց Դ. Պետրոսյանը:

Բանախոսներն այս մասին տեղյակ են պահել նաև ՀՀ մշակույթի նախարարությանը, քանի որ մանկական գրադարանում կասկածելի բուժումներ անցկացնելը՝ այն էլ Առողջապահության նախարարությունից ոչ մի սերտիֆիկատ չունենալու պարագայում և այն էլ կրոնական կազմակերպության կողմից, ըստ նրանց՝ պարզապես աբսուրդ է.

«Ինչպես գիտենք, գրադարանները պատկանում են մշակույթի նախարարությանը: Վերջինս արագ արձագանքեց և պատրաստակամություն հայտնեց մեզ օգնել: Նրանք խնդրեցին բոլոր տեղեկությունները փոխանցել իրենց և ասացին, որ ամենաուշը մյուս շաբաթ անպայման կլսենք արձագանքը»:

Ս. Հովհաննիսյանի խոսքով՝ կազմակերպությունից իրենց հայտնել են, որ իրենք քրիստոնեական եկեղեցի են, հայ առաքելական եկեղեցու զավակներն են, բայց նրանց գործողությունները խոսում են միայն այն մասին, որ դա հերթական աղանդավորական կազմակերպությունն է: Նրա խոսքով՝ իրենք կատարել են նաև նկարահանումներ, երբ դրսում հավաքված են եղել թվով մոտ 100 մարդիկ, կան նաև վկաներ, սակայն նկարահանումները դեռևս չեն հրապարակվում, քանի որ դրանք առայժմ տրամադրել են Մշակույթի նախարարությանը:

 

Տեսանյութեր

Լրահոս