Դուք վստա՞հ եք, որ իրական պայմաններ ենք ստեղծում ծնելիության աճի համար. ՀՀԿ-ական պատգամավորի հարցը նախարարին
«Մենք Հայաստանում ապրում, կանանց ու մայրերի կենացներ ենք խմում, մեծարում ենք նրանց, բայց հասանք նրան, որ մայրերը, հղիները եկան Ազգային ժողովի մուտքի մոտ: Իսկ ԱՊՀ որոշ երկրներում չխոսեցին, բայց շատ ռեալ բարենպաստ պայմաններ ստեղծեցին, ու ծնելիությունն իսկապես աճեց: Դուք վստա՞հ եք, որ իրական պայմաններ ենք ստեղծում, որ ծնելիությունն ավելանա»,- այսօր ԱԺ նիստում հղիության նպաստների մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
Նրա խոսքով՝ կորսված 12 մլրդ դրամի կեսը եթե նպատակին հասներ, արդյունքն ավելի մեծ կլիներ: Կ. Աճեմյանը նշեց, որ վերացական երևույթների համար գումարներ են հատկացվում, կլոր սեղաններ կազմակերպվում, ուտում-խմում, խոսում են ու գնում: «Սա փաստ է, որի առաջ չի կարելի աչք փակել»,- շեշտեց Աճեմյանը:
Ա.Ասատրյանը նշեց, որ օրենքի նախագիծը տրվել է մանրամասն քննարկման տարբեր ինստիտուտներին, քննարկումների շրջանակում ակնկալում էին ունենալ հարցերի պատասխաններ. «Չի ասվել, որ այստեղ ամրագրված մոտեցումները փոփոխման ենթակա չեն: Ակնկալել ենք բոլոր շահագրգիռ կողմերի քննարկում»:
Նախարարը հերքեց, որ 12 մլրդ դրամի կորուստ է եղել. «Ես նշել եմ, որ 2014 թ. համար ունեցել ենք 12 մլրդ ծախս և մեծ ուրախությամբ կարելի է դա բազմապատկել, եթե ուղղվի խոսվող խնդրին: Որևէ նախագիծ չի կարող լիարժեք ազդեցություն ուեննալ այդ պրոցեսի վրա, դա բազմագործոն է: Կառավարությունն այժմ համալիր ծրագիր է մշակում»: