Թոբիաս Բիանկոնե. «Մենք չգնացինք Ադրբեջան, այլ եկանք այնտեղ, որտեղ կա խոսքի ազատություն»
Նոյեմբերի 17-22-ը ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Երևանում կանցկացվի Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը՝ «Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության» կարգախոսով: Ֆորումի անցկացման և այլ մանրամասների մասին այսօրվա ասուլիսում խոսեցին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Թատրոնի միջազգային ինստիտուտի նախագահ Ռամենդու Մաջումդարը (Բանգլադեշ), Թատրոնի միջազգային ինստիտուտի փոխնախագահներ Ալի Մահդի Նուրին (Սուդան) և Ան Մարի Էնգելը (Շվեդիա), Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Թոբիաս Բիանկոնեն:
Թատրոնի միջազգային ինստիտուտը, համարվելով կատարողական արվեստների խոշորագույն ցանցը աշխարհում, միավորում է ավելի քան 100 երկրների կենտրոններ: Կոնգրեսին մոտ 300 պատվիրակներ են ժամանելու Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից:
Կոնգրեսի ընթացքում նախատեսվում են միջազգային պարային և թատերական նախագծեր, վարպետության դասընթացներ, շնորհանդեսներ, տարբեր կարգի հանդիպումներ և այլն:
Ռամենդու Մաջումդարի խոսքով՝ մոտակա 6 օրերի ընթացքում Երևանը կլինի թատերական մայրաքաղաքը. «Այս կոնգրեսը մեր ինստիտուտի կարևորագույն իրադարձություններից է: Բացի տարբեր ազգերի միջև կապերի հաստատումից՝ մենք նաև շեշտը դնում ենք հենց ազգի ներսում կատարվող իրադարձությունների վրա: Մենք շատ ուրախ ենք Երևանում գտնվելու համար, քանի որ Երևանի թատերական ներկայացումները տեսնելու հնարավորություն կունենանք: Հայաստանի թատերական գործիչներն էլ հնարավորություն կունենան հանդիպելու տարբեր այլ ազգերի թատերական գործիչների հետ»:
Իր խոսքում Թոբիաս Բիանկոնեն էլ նշեց, որ մեծ երջանկություն է լինել Հայաստանում, քանի որ այստեղ գալուց առաջ մեծ ընտրության առջև են կանգնած եղել. «Մենք պիտի ընտրություն կատարեինք կովկասյան երկրներից Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց ցանկանում էինք գնալ այնտեղ, որտեղ կա խոսքի ազատություն: Մենք այժմ այն երկրում ենք, որտեղ հենց սկզբից էլ մեզ ասացին՝ այստեղ կարող եք ասել այն, ինչ կամենում եք: Դրա համար շատ հպարտ ենք և շատ շնորհակալ, այսինքն՝ մենք չգնացինք փողի հետևից, այլ եկանք այնտեղ, որտեղ թատրոնի մեջ սիրտ կա»:
Բանախոսները նշեցին նաև, որ ֆորումի անցկացումը մեծ իրադարձություն կդառնա մեր մշակութային ու քաղաքական կյանքում: