Բաժիններ՝

«Անցյալի ցեղասպանության մասին շատ խոսելու փոխարեն՝ այսօր կարող ենք կանխել ներկա ճերմակ ցեղասպանությունը»

Եթե համայն աշխարհի հայկական եկեղեցիներում Մեծ եղեռնի 100-ամյակի արարողությունները կարող են նշվել առանց խնդիրների, ապա նույնը չենք կարող ասել Թուրքիայի հայկական եկեղեցիների դեպքում: Եպիսկոպոսների ժողովից հետո «168 Ժամը» զրուցեց Պոլսից ժողովին մասնակցող Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ:

– Սրբազան, Ցեղասպանության 100-ամյակը նշվելու է նաև եկեղեցիներում: Ինչպե՞ս է լինելու Պոլսում, խոչընդոտներ ակնկալո՞ւմ եք այդ առումով:

– Մենք անցյալ տարի ապրիլին առաջին անգամ մեր եկեղեցիներում կարողացանք Մեծ եղեռնի զոհերի համար կատարել հոգեհանգստյան արարողություն, և կարծում եմ` այդ առումով խոչընդոտն ինչ-որ տեղ հաղթահարված է: Կարող եմ ասել, որ մենք այսօր ներկա կառավարության կողմից վայելում ենք այն պետական վերաբերմունքը, որ Թուրքիայի ամբողջ հանրապետության օրոք չենք ունեցել: Թուրք նախարարները, կառավարիչներն այցելում են պատրիարքարան, քննարկում ենք ինչ-ինչ հարցեր, որոշ առումով զիջումներ կան, մենք զգում ենք, որ մեր դիմաց լսող կառավարություն կա:

Սակայն դա չի նշանակում, թե մեր բոլոր ցանկությունները կատարվում են կամ մեր բոլոր իրավունքները լիովին վերադարձվում են մեզ, մենք ապագայի առումով հույսեր ունենք: Այն, որ Էրդողանը ցավակցություն հայտնեց, արդեն քաղաքական մեծ ռիսկ էր իր կողմից: Ճիշտ է, շատ էլ հստակ չէր այդ ցավակցությունը, բայց քայլ էր՝ հայության ցավերի հանդեպ հասկացողություն ցուցաբերելու առումով: Իսկ ինչ վերաբերում է եկեղեցիներում արարողությանը, եթե սրբադասում կատարվի, ապա հոգեհանգիստ չենք անելու, քանի որ սրբերի համար հոգեհանգիստ չեն անում, այլ սրբերն են աղոթում մեզ համար:

Կարդացեք նաև

– Այսինքն` Ցեղասպանության հարցի առումով Դուք նախկինի համեմատ տեղաշարժ զգո՞ւմ եք:

– Քայլեր կան: Ես կարծում եմ, որ ժամանակն ինքն է բուժելու անցյալի վերքերը: Մենք արդեն գտնվում ենք նոր աշխարհում, նոր սերնդի թուրքեր կան, նոր սերնդի հայեր կան, և Մեծ եղեռնի հարցերին այլևս մոտեցումները պիտի փոխվեն: Ճիշտ է՝ անցյալը շատ կարևոր է, բայց ներկան ու ապագան պետք չէ զոհել հանուն անցյալի: Մենք չենք կարող 100 տարի ետ գնալ և փոխել դեպքերի ընթացքը, բայց մենք այսօր ուրիշ բան կարող ենք անել. անցյալի ցեղասպանության մասին շատ խոսելու փոխարեն՝ այսօր կարող ենք կանխել ներկա «ճերմակ ցեղասպանությունը»: Այսօր Հայաստանը կանգնած է դատարկման վտանգի առջև:

Մտածե՞լ ենք, թե դա ո՞ւմ ծրագիրն է՝ Հայաստանի բնակչության թիվը հասցնել 1,5 միլիոնի: Այո, երկու ցեղասպանությունները պետք չէ համեմատել, բայց այնպես չստացվի, որ 100 տարի հետո մարդիկ մեզ հարցնեն՝ ինչո՞ւ հայերն այնքան անփույթ գտնվեցին, որ «ճերմակ ցեղասպանության» առջև կանգնեցին: Սա լուրջ խնդիր է, որը կարծես չենք տեսնում: Հայաստանն այսօր կարիք ունի լավ դրացիական կապերի, ոչ միայն Թուրքիայի, այլև՝ բոլոր հարևանների հետ: Երկու ժողովուրդներին միացնող և ոչ թե բաժանող կետեր են պետք: Կռիվներն այլևս չպետք է շարունակվեն, այո, դատը հասկանալի է, բայց այսօրվա պահանջն է` կամուրջներ հաստատել ապագայի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս