Անկարան ու Վաշինգտոնը քննարկում են Սիրիայի ապստամբներին ու քրդերին Թուրքիայում ռազմական ուսուցում տալու հարցը
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ու ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորականներն Անկարայում գտնվող Գլխավոր շտաբի շենքում անցկացնում են բանակցությունների ամփոփիչ փուլը՝ կապված ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի մարտիկներին նախապատրաստելու ու սպառազինելու հետ:
Այս մասին թերթին հայտնել է ռազմական գերատեսչությունում նրա աղբյուրը: Կողմերը պետք է վերջնական որոշում կայացնեն Թուրքիայում սիրիական չափավոր ընդդիմության մարտիկների թվաքանակի ու նրանց պատրաստելու վայրերի մասին, որոնք կօգտագործվեն ինչպես Սիրիայի կառավարական զորքերի, այնպես էլ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ:
Թերթի աղբյուրը հայտնել է, որ խոսքը գնում է Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Քըրշեհիրի նահանգում՝ Ժանդարմերիայի ուսումնական կենտրոնում, մոտ 2000 մարտիկ պատրաստելու մասին:
Զենքի ու զինամթերքի մեծ մասը հատկացնելու է ԱՄՆ-ը, ով նաև փոխհատուցելու է Սիրիական ազատ բանակի զինյալների ուսուցման վրա կատարվող ծախսերն ու նրանց նախապատրաստման համար Թուրքիա է ուղարկելու իր ռազմական խորհրդատուներին:
Թուրք ու ամերիկացի զինվորականները քննարկում են նաև Թուրքիայում Սիրիայի քրդերի ստորաբաժանումների նախապատրաստման հարցը, որոնք ներկայումս շարունակում են «Իսլամական պետության» դեմ մարտերը: Կողմերն այդ հարցում դեռ չեն եկել համաձայնության, քանի որ Անկարան Սիրիայի քրդերին համարում է Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մասնաճյուղ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ անհրաժեշտ է փոխել «Իսլամական պետության» դեմ պայքարի ռազմավարությունը, որը հաջողություն չի ունենում՝ առանց Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու: