Կողմ քվեարկելով ԼՂՀ ճանաչմանը՝ դեմ ենք ԵՏՄ-ին
«Ժառանգություն» խմբակցությունը հերթական անգամ ԱԺ օրակարգ էր մտցրել Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման մասին որոշման նախագիծ: «ԼՂ (Արցախի) և Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» անվանումով որոշման նախագիծն ԱԺ էր ներկայացրել խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, և այն խմբակցության կողմից ճանաչվել էր հրատապ:
Զարուհի Փոստանջյանի ներկայացրած որոշման նախագծում կա չորս կետ. Ճանաչել ԼՂՀ-ն, բացառել ԼՂ և ՀՀ պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի տեղակայումը, բացառել ԼՂ և ՀՀ սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը, բացառել ՀՀ անդամակցությունը կամ միավորումը որևէ միջազգային կառույցի, որը կվտանգի ՀՀ և ԼՂՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Առաջին անգամ «Ժառանգությունը» ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրենքի նախագիծ էր ներկայացրել 2007թ., որն այն ժամանակ ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Դրանից հետո նույն խմբակցությունը ևս երկու անգամ նման նախաձեռնությամբ է հանդես եկել, և բոլոր դեպքերում խորհրդարանի և հատկապես՝ ՀՀԿ-ական մեծամասնության դիրքորոշումը եղել է նույնը. չենք մասնակցելու նման նախաձեռնությունների քվեարկությանը, դեմ լինել չենք կարող, կողմ քվեարկելը նպատակահարմար չէ:
Ինչպես նախորդ բոլոր դեպքերում, «Ժառանգությունն» իր այս նախաձեռնությունը հիմնավորում է ԼՂՀ-ն միջազգային բանակցությունների հարթակ վերադարձնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն առաջ մղելու կարևորությամբ: «Ժառանգության» ներկայացուցիչներն ասում են, որ չի կարող Հայաստանն այլ երկրներից պահանջել ԼՂՀ ճանաչում, երբ ինքը չի ճանաչել Արցախի ինքնիշխանությունը: ՀՀԿ-ի և գրեթե բոլոր մյուս խմբակցությունների դիրքորոշումն էլ է անփոփոխ. 1992.թ. սկսած ԼՂՀ կարգավիճակի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթանում են բանակցություններ, և եթե Հայաստանը միակողմանի ճանաչում է ԼՂՀ-ն, ապա դուրս է գալիս բանակցային գործընթացից, և միջազգային հանրությունը կարող է Հայաստանին մեղադրել բանակցային գործընթացը տապալելու մեջ:
Բացի այդ, միակողմանի ճանաչումն Ադրբեջանի համար հիմք կստեղծի 1994թ. կնքված զինադադարի պայմանագիրը չեղյալ հայտարարելու և պատերազմական գործողություններ սկսելու համար: Զարուհի Փոստանջյանն ասում է, որ զինադադարը կարող է գոյություն ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի և ԼՂՀ զինված ուժերն ի վիճակի են պահպանել զինադադարը, և դա կապ չունի միջազգային ճանաչման հետ:
Մի խոսքով, կողմերից յուրաքանչյուրն ունի իր հիմնավորումները, որոնք ինչ-որ իմաստով ճշմարիտ են կամ մոտ են ճշմարտությանը:
Բայց հիմա իրավիճակը մի փոքր տարբերվում է 2007թ. և մնացած բոլոր դեպքերից, երբ «Ժառանգությունը» ներկայացնում էր նման նախաձեռնություններ: Հայաստանը մեկուկես ամիս հետո կդառնա ԵՏՄ անդամ, և Զարուհի Փոստանջյանը վստահեցնում է, որ ըստ այդ պայմանագրի՝ Հայաստանի և Արցախի միջև պետք է տեղակայվեն մաքսակետեր, և հնարավոր է, որ այն մաքսավորները, որոնք պետք է լինեն այդ մաքսակետերում, լինեն ոչ թե ՀՀ, այլ ԵՏՄ մյուս անդամ երկրների քաղաքացիներ, ու նրանք կարող են խոչընդոտել Հայաստանից Արցախի պաշտպանության համար անհրաժեշտ ապրանքների առաքումը:
Իրականում այս ամենը խնդրի միայն արտաքին կողմն է, և այս որոշման նախագիծը բոլորովին այլ նպատակ է հետապնդում: Եթե Հայաստանն այս պահին ճանաչի ԼՂՀ անկախությունը, ապա այն կարող է հավելյալ խոչընդոտ ստեղծել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցում: Ղազախստանն այդ դեպքում կարող է ավելի խստացնել իր դիրքորոշումը Հայաստանի անդամակցության հարցում, քանի որ Ղազախստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Ըստ էության, Զարուհի Փոստանջյանի և «Ժառանգության» նպատակը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը խոչընդոտելը կամ կանխելն է: Սակայն Հայաստանի խորհրդարանում դա շատ լավ հասկանում են, և նույնիսկ նրանք, ովքեր պատրաստ են դեմ քվեարկել ԵՏՄ անդամակցության համաձայնագրի վավերացմանը, կողմ չեն քվեարկի ԼՂՀ-ն ճանաչելու որոշմանը: Նշենք, որ դրան կողմ քվեարկելու մասին հայտարարել են միայն ՀՅԴ խմբակցության պատգամավորները: