Բաժիններ՝

Ժխտման համակարգող կենտրոններ

«Ազերնյուզ» կայքի հրապարակած լուրը, որի համաձայն, Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ, ադրբեջանական սփյուռքը համակարգող կենտրոններ են բացվելու աշխարհի տարածքում, ներառյալ` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ուկրաինայում եւ Գերմանիայում, հավանաբար հիմնական նորություն չի փոխանցում: Ադրբեջանական սփյուռք, դասական հասկացողությամբ, գոյություն չունի. այս նախաձեռնությունը Անկարայի փորձի զուգահեռ բնույթն ունի: Լրատվություններին հետեւողները անպայման կհիշեն, որ Թուրքիան մի քանի անգամ համագումարներ կազմակերպեց թուրքական սփյուռքը համախմբելու եւ հանձնարարականներ տալու նպատակով:

Հայաստանի Հանրապետություն-սփյուռք հետզհետե զարգացող համագործակցությունը իհարկե աննկատ չի անցնում Անկարայի կողմից, եւ ոչ միայն Անկարայի, այլ նաեւ հայտնաբար Բաքվի: Երկու երկրների փորձածներն իրենց խորքում ունեն հակակշիռ գործողության տրամաբանություն:

Անկարան իր սփյուռքի գոյությունը մի քանի անգամ զգացրեց հակացույցերով, ինչ որ ավելի համոզիչ դարձրեց այդ նախաձեռնությունների հակակշիռ բնույթը: Թուրքական սփյուռքի այսօրվա պատկերը ուսումնասիրելու համար բնականաբար պետք է հենվել Թուրքիայից դուրս քաղաքացիների ժողովրդագրական սփռվածության, տեղի երկրների հասարակության հետ համարկման միտումների եւ հատկապես Եւրոպայում կատարվող փորձի վրա` քաղաքական հաստատություններում ներկայություն ապահովելու: Սակայն այստեղ իբրեւ թուրք քաղաքացի ներկայացողների ծագման մասին գաղափար կազմելը կարեւոր է` այն պատճառով, որ դրանց կարեւոր մասը ոչ թուրք ինքնություն ունի: Բայց դա արդեն տարբեր խնդիր է: Հիմա այս դեպքում դիտարժան կետը, թուրքական սփյուռքի հայկական հարցերով կազմակերպվածության աստիճանաչափն է:

Հակազդող այս հանգամանքը անհամեմատելի չափերով զիջում է հայկական սփյուռքի քաղաքական նկարագրին եւ կազմակերպվածությանը: Այս դաշտում հայկական կողմը հստակ առավելություններ ունի: Խոսքը չի վերաբերում պետական միջամտություններով կացություններ ստեղծելու կամ շրջելու Անկարայի դերակատարությանը, այլ Թուրքիայից դուրս սփռված Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիների անկազմակերպվածությանը:

Էլ ուր մնաց ադրբեջանական մանրապատկերի մասին համեմատություն կատարելը: Այս բոլորի վիճակագրական եւ վերլուծական գնահատական տալը խիստ կարեւոր է, մանավանդ 100-ամյակի դիտանկյուններից: Թուրքիայից դուրս մղվելիք քարոզչաքաղաքական պատերազմի ուժերի գնահատումը անգիր օրենք է:
«Ազերնյուզը» պարզաբանում է, որ ադրբեջանական սփյուռքի համակարգող կենտրոնների գործառույթների մաս է կազմում Հայոց ցեղասպանության ժխտումը: Այս գործառույթը բացառված չէ, որ նախագծվել է Անկարա-Բաքու միացյալ քարոզչամեքենայի կողմից: Ավելի համոզիչ կլիներ, եթե գործառույթներից առաջինը արցախյան հարցի վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվության տարածումը եւ պատմության նենգափոխումը լիներ: Սակայն, 100-ամյակի նախօրեին ադրբեջանական սփյուռքի համակարգող կենտրոնների ցանցի հայտարարությունը մատնում է Անկարայից եկած ներշնչման եւ պատվերի առկայությունը:

Հայկական կողմը առավելություններ ունի. սա սեփական ուժի գերագնահատում չէ: Սփյուռքի կառուցակարգումն ու քաղաքականացումը զարգացում են ապրել եւ հարյուրամյա ճանապարհ անցել: Թուրքական եւ ադրբեջանական համակարգող կենտրոնները պարզապես պիտի աշխատեն հակակշիռ գործողություններ կազմակերպելու տրամաբանությամբ: Եթե աշխատեն…

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս