23 տարի մեր պետության գլխին էքսպերիմենտ ենք անում, ձևեր ենք փոխում՝ էությունը չի փոխվում. Կառավարման փորձագետ
«Շախմատում կա տեմպ հասկացություն: Կարող ես փոքր ուժերով տեմպով հաղթես, մեծ ուժերով՝ տեմպդ կորցնես ու պարտվես: Խնդիրը հետևյալն է՝ այն տեմպը, որով սկսել են մինչև 2018 թվական, կարո՞ղ են պահպանել, թե՞ ոչ»,- խոսելով եռյակի գործունեության մասին՝ նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հարցին՝ ներկայիս տեմպն ի՞նչ է հուշում, սոցիոլոգն այսպես պատասխանեց.
«Ինձ թվում է՝ հայերը շուտ հիասթափվող ժողովուրդ են: Ձմեռը կգա, կգնան տունը, փեջի մոտ նստած՝ կարտոշկա կտապակեն, կուտեն, գարնանը կզբաղվեն իրենց գործերով, բոլոր պատմությունները կսկսվեն 2017 թվականին»:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը նկատեց, որ չեն կարող մարդիկ, որոնք 23 տարի եղել են թե՛ պետական կառավարման համակարգում, թե՛ ընդդիմության շարքերում, նոր փոփոխություններ բերել.
«Որովհետև մի հատ պարզ հարց կա, երբ դուք էիք իշխանությանը, ո՞ւր են արդյունքները: Երբ նույն մարդիկ գալիս են՝ արդեն լինելով ընդդիմություն, ասում են՝ ինչ վատ է վիճակը, մենք կհանենք, հետո նույն մարդիկ դառնում են իշխանություն՝ բացատրում են՝ ինչու չի ստացվում… Հայերը, ճիշտ է, համբերատար են, բայց նաև շուտ հիասթափվող են: Շուտ են հիասթափվում, որովհետև այդ մարդիկ 5 տարին մեկ փոխում են իրենց հռետորաբանությունը, սա ակնհայտ է»:
Հ. Մեսրոբյանը Հայաստանի քաղաքական վերնախավին (թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր) նմանեցնում է փակ ակումբի, որտեղ նույն տեսակի մարդիկ պտտվում են արդեն 23 տարի.
«Այդ իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև չի լինի Հայաստանում ֆորսմաժոր, այսինքն՝ կա՛մ ողբերգություն, կա՛մ կտրուկ ցնցում: Մինչև այդ մի՛ սպասեք որևէ լուրջ փոփոխության»:
Հարցին՝ եռյակն իր գործունեությունը կշարունակի՞, կառավարման փորձագետն այսպես պատասխանեց.
«Ճիշտն ասած, կառավարման իմաստով ինձ դա չի հետաքրքրում, որովհետև, քանի որ ես որակը տվեցի, որ էությունը նույնն է, էական փոփոխություններ մի սպասեք: Ձևերը կարող են փոխվել, բայց մենք 23 տարի մեր պետության գլխին էքսպերիմենտ ենք անում: Ձևեր ենք փոխում՝ էությունը չի փոխվում: Մեզ մոտ բոլոր փոփոխությունները գոնե 90 տոկոսով թելադրված են դրսից, և այդ բոլոր փոփոխությունները, որոնք թելադրված են դրսից, ցանկացած նպատակ ունեն՝ բացի Հայաստանի հզորացումից, որովհետև ոչ մի հզոր երկրի պետք չէ, որ քարտեզի վրա առաջանան ուրիշ հզոր երկրներ»: