ԱՄՆ դեսպանատունը հանդիպել է ՏՏ համայնքի ղեկավար անձանց հետ՝ պարզաբանելու վիզաներին վերաբերող ամերիկյան օրենսդրությունը
Վերջերս Հայաստանի տեղեկատվական, հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունների, ինչպես նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից ահազանգ էր հնչեցվել այն մասին, որ սկսած անցած տարվա նոյեմբերից, իսկ վերջին շրջանում հատկապես, Հայաստանում ԱՄՆ հյուպատոսարանը ամենատարբեր պատճառներով մերժում է ՏՏ ոլորտի աշխատակիցներին՝ Ամերիկա Միացյալ Նահանգներ մուտքի վիզա տրամադրելու հարցում:
Նաև նշվում էր, որ նախկինում, ոլորտի մասնագետները (ծրագրավորողները և այլք) նմանատիպ խնդիրներ չեն ունեցել գործուղումների, վերապատրաստման դասընթացների, տարբեր միջոցառումների մասնակցելու և այլ նպատակներով ԱՄՆ մեկնելու ընթացքում: ԻՏՁՄ տարածած հաղորդագրության մեջ ասվում էր.
«Հարյուրավոր դեպքեր են գրանցվել, երբ դրական պատասխան ստանալու նպատակով ՏՏ ընկերությունների աշխատակիցները ԱՄՆ հյուպատոսական ծառայությանը ստիպված են դիմել 3 անգամ, որը ոչ միայն նյութական լրացուցիչ ծախս է ենթադրում (յուրաքանչյուր դիմումի արժեքը՝ 160 դոլար), այլև անտեղի վատնվում է տեխնոլոգիական բարձրակարգ մասնագետների թանկարժեք աշխատաժամանակը: Մեր տեղեկություններով, չնայած հայաստանյան տեխնոլոգիական մասնագետների հաճախակի գործուղումներին, ԱՄՆ միգրացիոն օրենքների խախտումներ չեն գրանցվել»:
Ըստ ոլորտի մասնագետների՝ ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսության նման գործելաոճը կամ որոշումը անմիջականորեն հարվածում է հենց ամերիկյան ընկերություններին, քանի որ վերջին մերժումները հենց ամերիկյան ընկերությունների աշխատակիցներին մերժումներն են: Նույնիսկ կարծիքներ են հնչում, թե հյուպատոսության այդ գործելաոճը և որոշումը հնարավոր է պայմանավորված լինել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության որոշմամբ:
168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պարոն Ջոն Հեֆերնին և ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսությանը՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված հյուպատոսության այս գործելակերպը և այս որոշումը, որքա՞ն թիվ են կազմում ՏՏ ոլորտի մասնագետներին ԱՄՆ մուտքի վիզա չտրամադրելու դեպքերը և ե՞րբ կհարթվեն այդ խոչըդոտները:
Նոյեմբերի 7-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից ստացանք հետևյալ պատասխանը. «ԱՄՆ դեսպանատունը հանդիպել է ՏՏ համայնքի ղեկավար անձանց հետ՝ պարզաբանելու վիզաներին վերաբերող ամերիկյան օրենսդրությունը և մենք պատրաստ ենք շարունակել այդ երկխոսությունը: Մենք գիտակցում ենք ՏՏ ոլորտի կարևորությունը Հայաստանում և կշարունակենք նպաստել ոլորտի զարգացմանը՝ միաժամանակ հետևողական լինելով ԱՄՆ վիզաների տրամադրման սահմանված կարգերին»: