Հայաստանում կլիմայի փոփոխության հետ կապված առկա և կանխատեսվող ռիսկերը
Տարածաշրջանի մեծաթիվ երկրներ, որոնք ենթակա են կլիմայի փոփոխություններով պայմանավորված աղետների, պետք է կատարեն ներդրումներ՝ ապահովելու բնակչության պաշտպանվածությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանի խոցելիությունը բնական աղետներից, այդ թվում և այն աղետներից, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխություններով:
Նոյեմբերի 8-ին՝ Ֆիլիպիններում տեղի ունեցած հզոր Հեյան փոթորկից մեկ տարի անց, միջազգային մարդասիրական և զարգացման կազմակերպություն Օքսֆամն ահազանգում է, որ աղետավտանգ շրջանների շատ կառավարություններ չեն կարևորում աղետների ռիսկի նվազեցման նախաձեռնությունները, թեև առկա են կանխատեսումներ, որ ապագայում հենց իրենց տարածաշրջաններն են առավելապես տուժելու կլիմայի փոփոխություններից:
2000-2010թթ. Հայաստանում դիտվել են տարբեր ուժգնության երաշտներ: 1998-2010թթ. ընթացքում կլիմայական արտակարգ երևույթների վնասը կազմել է մոտ 2.8 մլրդ ԱՄՆ դոլար կամ տարեկան 250 մլն:
Թեմային այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ անդրադարձան ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը և ՄԱԿ-ի ՄԱԶԾ կլիմայի փոփոխությունների ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը:
Զ. Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանի այս տարվա եղանակային պայմաններից բոլորս էլ դժգոհ ենք. «Նախ՝ ցրտահարություն, որին հաջորդեց բավականին չոր գարուն, բարձր ջերմաստիճանով ամառ և ոչ այնքան բարենպաստ աշուն. սեպտեմբերից սկսած՝ մենք դժգոհեցինք ջերմաստիճանի վաղ նվազումից, իսկ այսօր մենք ականատեսն ենք բավականին բարձր ջերմաստիճանային ֆոնի մեր տարածաշրջանում: Այդ իսկ պատճառով որոշակի միջոցառումներ են կատարվելու: Նախ՝ շեշտը դրվում է մոնիթորինգի վրա. պետք է բարելավել դիտարկումների համակարգը, պետք է կատարել ճշգրիտ, բարձր մակարդակի դիտարկումներ, բարձրացնել կանխատեսումների արդարացման աստիճանը, բարելավել կանխատեսման համակարգը»:
1935-2012թթ. ընթացքում տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում աճել է 1.03 C աստիճանով, իսկ ամառային ջերմաստիճանը 1.2 C աստիճանով: Արտակարգ հիդրոօդերևութաբանական երևույթները վերջին 30 տարիների ընթացքում աճել են 1.2 դեպքով, իսկ վերջին 20 տարիների ընթացքում՝ 1.8 դեպքով: Գյուղատնտեսությունը կլիմայի փոփոխությունից ամենախոցելի ոլորտն է, միաժամանակ գյուղատնտեսությունն ապահովում է հանրապետության ՀՆԱ-ի մոտ 20% և խոշորագույն գործատուն է՝ բնակչության 44%:
Այս տվյալները ներկայացրեց Դ. Հարությունյանը՝ ասելով, որ կան որոշակի մեխանիզմներ, որոնք մեղմում են գյուղատնտեսության խոցելիության վտանգը, սակայն դրանք էլ իրենց չեն արդարացնում. «Դրանցից է նոր տեխնոլոգիաների կրառումը, սակայն նույնիսկ միջազգային աջակցության ծրագրերը, արված ջանքերը հաճախ արդյունք չեն տալիս, քանի որ մենք ունենք խոշոր միգրացիա, այսինքն՝ ներդրումները գյուղատնտեսության ոլորտում չեն արդարացնում այն ջանքերը, որ ֆերմերներն իրականացնում են իրենց հողակտորներում: Խնդիրն այն է, որ դա ունի և՛ սոցիալական, և՛ ռազմավարական կարևոր նշանակություն: Թողնել, որ խնդրին միայնակ դիմակայեն փոքր տնտեսությունները, բերում է նրան, որ ճգնաժամային իրավիճակ է ստեղծվում մեր գյուղական համայնքներում»:
Ըստ Դ. Հարությունյանի՝ խոցելի ոլորտներից են նաև ջրային ռեսուրսները: Հայաստանը, նրա խոսքով, երբեք սակավաջուր երկրների շարքում չի եղել, սակայն այժմ ունենք սեզոնային տատանումներ ջրային ռեսուրսների.
«Վերջին տարիներին առանց գնահատելու դրանց պաշարները՝ դրանց օգտագորման թույլատրելիության ծավալներն են մեծացել, և դրա արդյունքում այս տարի բավականին սուր է այս խնդիրը: Ճիշտ է, ջանքեր են գործադրվում՝ ետ բերելու այն կորուստները, որ մենք ունեցել ենք, սակայն պետք է ջրի պաշարի նկատմամբ և՛ մոնիթորինգը խստացվի, և՛ օգտագործման ռեժիմը, և’ ջրախնայող տեխնոլոգիաներ պետք է կիրառվեն, այլապես լուրջ խնդիրներ կառաջանան երկրի տնտեսության համար»: