«Պետք է քաղաքական գործիչները զիջումների գնան, որ սահմանադրական բարեփոխումներն արդյունավետություն ունենան»

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) հասարակական կազմակերպության փորձագետ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ ընտրական համակարգի հանդեպ առկա համընդհանուր անվստահության պայմաններում բարեփոխված Սահմանադրությունն անարդյունավետ կլինի:

Ara XazaryanՄեզ հետ զրույցում նա նշեց, որ վստահությունը կարելի է բարձրացնել, եթե քաղաքական ուժերը գնան երկխոսության. «Այսօր քաղաքական ուժերը երկխոսության չեն գնում, Վենետիկի հանձնաժողովն էլ արդեն ասել է, որ նման պայմաններում, երբ քաղաքական մի ստվար հատված չի մասնակցելու բարեփոխումներին, միտք չունեն այդ բարեփոխումները: Նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, պետք է հասկանան, որ պետք է բոլորը մասնակցեն բարեփոխումներին, և եթե մի մասը չմասնակցի, բարեփոխումների լեգիտիմությունն իսկապես կասկածի տակ է, բայց ոչ թե իրավական գործընթացների արդյունքում, այլ քաղաքական գործընթացների»:

Ա. Ղազարյանի կարծիքով` եթե չկա քաղաքական և հասարակական կոնսենսուս, իմաստ չունի սահմանադրական բարեփոխումների ընդունումը. «Պետք է քաղաքական գործիչները զիջումների գնան, որ սահմանադրական բարեփոխումներն ունենան արդյունավետություն: Հակառակ դեպքում՝ պարզապես իմաստ չունի»:

Իսկ APR Group-ի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանի դիտարկմամբ՝ նախքան սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելը, պետք է օրենսդրական մակարդակով լուծել ստորագրած ընտրողների ցուցակները հրապարակելու հարցը. «Եթե այս փոփոխությունն Ընտրական օրենսգրքում անեին, հրապարակեին առկա ստորագրությունները, այս դեպքում նաև այդ կոնսենսուսի հարցը կլուծվեր, և Վենետիկի հանձնաժողովի մտավախություններն էլ կփարատվեին»:

Կարդացեք նաև

Heriqnaz TigranyanՀարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում հանրաքվեի՝ որպես ուղղակի ժողովրդավարության բաղադրիչի ներդրումը և կիրառումը Հայաստանում, Հ. Տիգրանյանն այսպես պատասխանեց. «Դա, իհարկե, և՛ Վենետիկի հանձնաժողովն է ասում, և՛ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն է գտնում, որ ժողովրդավարության լավագույն միջոցներից է: Սակայն հարցը հետևյալն է՝ հստակություն չկա, թե ինչ հարցեր պետք է դրվեն հանրաքվեի: Այդ հարցերը հանրաքվեում ընտրվելու դեպքում՝ արդյոք պետական ինչ-որ մարմին պե՞տք է տա իր վերաբերմունքն այդ հարցի մասին, այսինքն՝ դրվի՞ հանրաքվեի, թե՞ չդրվի, կամ նախաձեռնությունը քանի՞ հոգուց է: Մեխանիզմները հստակ չեն: Եթե այդ հարցում հստակություն չկա, և Սահմանադրության տեքստը չկա, դժվար է ասել, թե ինչ կիրառության մեխանիզմներ կնախատեսեն»:

Արա Ղազարյանն էլ հիշեցրեց, որ Հայաստանում հանրաքվեներ կազմակերպվել են նաև նախկինում, և տեղյակ են դրանց կազմակերպման եղանակներից: «Ես կարևորում եմ դա: Ուղղակի պետք է շատ քիչ լինի այն հարցերի շրջանակը, որ հանրաքվեի միջոցով պետք է, որովհետև ինչքան շատացնում ես այդ հարցերի շրջանակը, այնքան ընտրությունների իմաստն է կորչում: Հանրաքվեի միջոցով կարելի է լուծել հարցեր, որոնք ընտրություններով հնարավոր չէ լուծել: Օրինակ, արդյոք մենք ուզո՞ւմ ենք միանալ Եվրասիական միությանը: Դա ազգի համար բախտորոշ հարց է, և նման հարցերը պետք է հանրաքվեով լուծվեն: Դա չես կարող ընտրություններով լուծել»,- ասում է նա:

ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջարկվող եռաստիճան դատական համակարգից երկաստիճանի անցնելու վերաբերյալ ասել է, թե նման փոփոխության անհրաժեշտություն ինքը չի տեսնում: Հարցին` ըստ Ձեզ` անհրաժե՞շտ է անցնել երկաստիճան դատական համակարգի, Ա. Ղազարյանն այսպես պատասխանեց.

«Դրա անհրաժեշտությունը կոնկրետ ես էլ չեմ տեսնում, որովհետև այս համակարգն իրեն արդարացնում է: Մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց չէ: Իսկ կառավարման տեսանկյունից` եթե բարձրագույն ատյանի դատավորները գտնում են, որ այս համակարգն իրեն արդարացնում է, մենք պետք է վստահենք իրենց ասածներին»:

Իսկ Հ. Տիգրանյանն ասաց, որ ինքն այս հարցում համակարծիք է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ. «Առաջին՝ դա ռեսուրսի խնայողություն է, երկրորդ՝ դիմումատուների համար ժամանակի խնայողություն: Երկրորդ օղակը՝ վերաքննիչը, ըստ էության, ինքը կույր աղիքի դեր է տանում, երբեք չի կատարում այն ֆունկցիան, որ նրա վրա իրականում դրված է: Դա ժամանակի անտեղի կորուստ է: Եթե մենք վճռաբեկ դատարանին տանք նույն վերաքննիչ դատարանի ֆունկցիաները, կարծում եմ` երկաստիճան համակարգով ավելի կարճաժամկետ ժամանակում և ավելի էֆեկտիվ կարելի է գործերը քննել: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ երկաստիճան դատական համակարգն արդյունավետ կլինի»:

 

Տեսանյութեր

Լրահոս