«Հայաստանն իր գոյությամբ պարտական է Հայրենական պատերազմում տարած հաղթանակին». Վահան Շիրխանյան
«Եվրասիական ժողովրդական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունն այսօր անցկացրեց կլոր սեղան-քննարկում՝ մտավորականների, հասարակական, քաղաքական գործիչների մասնակցությամբ։ Թեման էր՝ Հայրենական պատերազմի հաղթանակի 70-ամյակը և պատմության դասերը:
«Եվրասիական ժողովդրական նախաձեռնություն» ՀԿ նախագահ Արամ Մարտիրոսյանն ասաց, որ Ցեղասպանության մասին շատ են խոսում, ինչը ողջունելի է, բայց կարծես մոռանում են Հայրենական պատերազմին հայ ժողովրդի տված 320 հազար զոհերին.
«Բուն Հայաստանի հանրապետությունից 210 հազար զոհ ենք տվել, իսկ այդ ժամանակ Հայաստանի բնակչությունը 1 միլիոն 350 հազար է եղել: Կարծես՝ մի փոքր թեթև է ասելը՝ 320 հազար զոհ, բայց այդ ամենը պետք է ունենա իր պատմությունը:
Մի քանի հասարակական կազմակերպությունների հետ դիմել ենք վարչապետին, որ գոնե Հաղթանակի զբոսայգու հետ կապված որոշակի ադեկվատ քայլեր արվեն: Այդ այգին գնալով փոքրանում է, շինարարական աշխատանքներ են անում, իսկ հյուրանոցա-ռեստորանային շինարարությունը, որ այսօր տարածված է այգում, խայտառակություն է: Վարչապետին դիմեցինք, բայց պատասխանեցին քաղաքապետարանի չգիտեմ որ բաժնից, թե՝ շինարարություն է արվում, ուրեմն սեփականաշնորհված է»,- ասաց նա:
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն իր խոսքը սկսեց հին հունական ասույթով. «Հիշողությունը մտածողության նախապայման է»: Ըստ նրա, եթե մարդը չունի հիշողություն, չունի նաև մտածողություն:
«Եթե դու պատմական հիշողությունից զուրկ ես, ապա չես կարող կայացնել ազգ, որովհետև ազգի կայացումը ենթադրում է պատմական հիշողության շուրջ ինքնության, հոգեկերտվածքի, դաստիարակության դրսևորում: Եթե մենք մի կողմ ենք դնում հիշողությունը և ասում ենք՝ չէ, տարածքը լավն է, եկեք այստեղ շենք սարքենք, ուրեմն այդ մարդիկ գիտակցազուրկ են: Իսկ այդպիսիք կան մեր հասարակությունում, դա գաղտնիք չէ:
Հաղթանակի զբոսայգին մի ամբողջ հուշահամալիր է մեր ռազմական, պատերազմական պատմության, որտեղ կան ոչ միայն Հայրենակցական, այլև Ղարաբաղյան պատերազմի բազմաթիվ հիշատակումներ, փաստաթղթեր, դարեսկզբի հայ ժողովրդի դիմադրությանը վերաբերող բազմաթիվ նյութեր»,- նշեց նա:
Վահան Շիրխանյանը հիշում է, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մի կողմից ոգևորվել են Հայրեկանան պատերազմին մասնակցած հայ սպաների սխրանքներով, մյուս կողմից՝ այն գիտակցությունից, որ պատերազմում են դարավոր թշնամու դեմ:
«Այդ հուշահամալիրը կապող օղակ էր մեզ համար և դա այդպես էլ կմնա: Եթե մենք հաշվի առնենք, թե Հայաստանն ու հայ ժողովուրդը ինչպիսի մարտահրավերների ու սպառնալիքների առջև են կանգնած և եթե փորձենք տեսնել, թե այդ ընդհանուր շարժումը գնում է դեպի այդ մարտահրավերների դիմակայելո՞ւն, թե՞ դրանք ավելացնելուն, ապա կտեսնենք, որ դիմակայելու ուղղությամբ գրեթե ոչինչ չենք անում, իսկ ավելացնելու ուղղությամբ ամեն օր նոր բաներ ենք անում»,- ասաց նա:
Վահան Շիրխանյանի կարծիքով՝ Հայաստանն իր գոյությամբ պարտական է Հայրենական պատերազմում տարած հաղթանակին: