ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի վավերացումը սպառնալիքի տակ է. մամուլ
Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի խոշորագույն խմբակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) կարող է չաջակցել ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի վավերացմանը: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Նրանց հաղորդմամբ՝ նախօրեին տեղի ունեցած Եվրախորհրդարանի՝ արտաքին կապերի նիստի ժամանակ ԵԺԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացմանը կաջակցեն միայն այն դեպքում, եթե Վրաստանի ներկայիս իշխանությունները հրաժարվեն նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ ընտրովի արդարադատության քաղաքականությունից ու նրանց հալածելուց:
ԵԺԿ-ի պատգամավորները ԵՄ-ի երկրներին կոչ են արել ճնշում գործադրել Վրաստանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք վերջ դնեն քաղաքական ընդդիմության վարա գործադրվող ճնշումներին: Նրանք կարծում են, որ ընտրովի իրավական հետապնդումն առնչվել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն, ինչի համար էլ իրենք պետք է անեն ամեն բան՝ այդ գործողություններին վերջ դնելու համար: