Դատարանը բավարարեց 2.3-ամյա երեխայի դիակի դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետին հարցաքննելու միջնորդությունը

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով ցուցմունք տվեց մեղադրվող բժիշկ Զարինե Այվազյանը: Նա նշեց, որ մեղադրանքում կան որոշ ձևակերպումներ, որոնք իր համար պարզ, հասկանալի չեն:

Բժշկի խոսքով՝ մեղադրանքում նշված է, որ անդրադարձ չի կատարել արյան ընդհանուր անալիզին, որը Լիա Միսակյանի հիվանդության ճիշտ ախտորոշման, բուժման ու ապաքինման հնարավորություն կտար, սակայն, նրա խոսքով՝ պարզաբանված չէ, թե որն է ճիշտ ախտորոշումը և որն է ցուցված բուժումը:

Ամբաստանյալը հայտնեց, որ 2013թ. հունվարի 1-ին ընդունել է հերթափոխը մյուս ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանից, ով իրեն նկարագրել է նաև Լիա Միսակյանի առողջական վիճակը: Նա նկարագրեց այդ օրը իր կատարած գործողությունները՝ նշելով, որ երկու անգամ զննել է նրան, երեխայի մայրն ասել է, որ ցանկանում են տուն գնալ, քանի որ երեխան ավելի լավ է զգում իևեն:

Ըստ բժշկի ցուցմունքի՝ երեխայի մորն ինքը բացատրել է, թե ինչ է ֆեբրիլ ցնցումը, նշել, որ հնարավոր է՝ այն կրկնվի, և ճիշտ կլինի, որ մնան հիվանդանոցում: Ըստ նրա՝ մայրը պնդել է, ինքն էլ ասել է, որ դա նրանց իրավունքն է, պարզապես սահմանված կարգի համաձայն՝ պետք է ստորագրեն: Ըստ բժշկի՝ նա հանձնարարություններ է տվել բուժքրոջը, հետաքրքրվել է երեխայի առողջության մասին:

«Չնայած Լիա Միսակյանի հայրն իր ցուցմունքում նշում է, որ ինձ տեսել է միջացքում և իր անհանգստությունը հայտնել է, որ երեխան ունի կոկորդի ցավ և դժվարաշնչություն, բայց ես չեմ հիշում, որ Լիայի հայրն ինձ հետ ընդհանրապես խոսացած լինի, ու ընդհանրապես բացառվում է, որ ես ասեմ՝ կաթիլայինում ամեն ինչ կա, կաթիլայինը կբուժի»,- ասաց բժիշկը՝ նշելով, որ ծնողներին միշտ ասում են այն մասին, որ կաթիլայինը օգնում է, որ երեխաները կազդուրվեն, լրացնում է հեղուկի ծավալը:

Զ. Այվազյանն ասաց, որ սպասարկել է ընդունարանը, ինչպես նաև հինգ բաժանմունք. նրա խոսքով՝ստացիոնարում 107 հիվանդ է եղել, ինքը ընդունարանում 17 հիվանդ է ընդունել, 3 հիվանդի էլ ստացիոնար բուժման է ընդունել, ընդունել է 120 հիվանդ:

«Հաջորդ հերթապահությանը՝ հունվարի 7-ին, երբ եկել եմ հիվանդանոց, այդ ժամանակ նոր արդեն իմացել եմ սարսափելի լուրի մասին, ինչի համար, իհարկե, շատ եմ ցավում»,- ասաց մեղադրվող բժիշկը:

«Հիմա մեզ մեղադրում են, որ մենք հերթապահության ընթացքում ճիշտ չենք բուժել, սխալներ ենք արել, որը մահվան պատճառ է դարձել: Բայց ես ուզում եմ նշել, որ մենք արել ենք այդ վիճակին, այդ ժամանակ նախնական ախտորոշմանը համապատասխան:

Եվ նույնիսկ փորձագետների մի մասն է այդ ախտորոշմանը համաձայն: Մյուսը մասը  նշում է, որ թոքաբորբ է եղել… Իմ հերթապահության ժամանակ թոքաբորբի մասին վկայող որևէ նշան չի եղել»,- ասաց Զարինե Այվազյանը: Նա նշեց, որ հունվարի 1-ին արյան անալիզը անկետայում չի եղել, և ինքը չի տեսել: Նրա խոսքով՝ ինքը մայրապետին հանձնարարել է բերել բոլոր պատրաստ անալիզների պատասխանները:

«Չգիտեմ՝ ինչու այդ պատասխանը չի եղել, չի բերել, ու նաև ուզում եմ նշել, որ լաբորատորիայից ոչ մի զանգ ինչ-որ անհանգստացնող, կոնկրետ Լիայի կամ ուրիշի անալիզների մասին, որ անհանգստացնող շեղումներ կան, ես չեմ ստացել»,- եզրափակեց ամբաստանյալը, ինչից հետո մահացած Լիա Միսակյանի հայրը ծափ տվեց՝ նշելով, որ լավ աշխատանք են կատարել:

Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը մեջբերեց մեղադրանքի մեջ նշված միտքը, որի համաձայն՝ նա անդրադարձ չի կատարել արյան հետազոտության արդյունքներին, որը նրան հնարավորություն կտար ժամանակին հիվանդության ճիշտ ախտորոշում, համապատասխան ցուցված բուժում կատարել, որը ապաքինման հնարավորություն կտար:

Փաստաբանը հետաքրքրվեց՝ արդյոք նա հասկանո՞ւմ է, թե որ ախտորոշումը պետք է աներ, որ ցուցված բուժումը պետք է կատարեր: «Ես չգիտեմ ճիշտ ախտորոշումը: Նույնիսկ փորձագետները, փորձագետ և բարձր որակով մասնագետ հանդիսանալով, հիմա երկու խումբ փորձագետներ կան, որոնք մի ախտորոշում են ասում, մյուս խումբը՝ մյուս ախտորոշումն է ասում, մյուս խումբը ասում է, որ ցուցված է անպայման հեմատոլոգի կոնսուլտացիա, արյան պլազմայի փոխներարկում, մյուս մասն ասում է՝ ոչ, նման բան ցուցված չէր: Եթե իրենք, արդեն այսքան տվյալներ իրենց ձեռքի տակ ունենալով, ճիշտ ախտորոշում չեն կարող ասել, հիմա ես էլ չեմ կարող ասել: Այն ժամանակ ես ինչ կլինիկական ախտանշաններ տեսել եմ, ինչ երեխայի վիճակը տեսել եմ, այդ պահի համար գնահատել եմ սուշ շնչական վարակ, ֆեբրիլ ցնցում ախտորոշումը ու արել եմ այդ հիվանդության համար անհրաժեշտ ինչ որ պետք է անեի»,- ի պատասխան ասաց ամբաստանյալը:

Փաստաբանը հետաքրքվեց նաև՝ ի՞նչ կարգով են հիվանդանոցում ստացվում անալիզները, ում պարտականությունն է բերելը, հետևելը: Ամբաստանյալն էլ պատասխանեց, որ, ըստ ներքին կանոնակարգի՝ մայրապետը գնում է լաբորատորիա, բերում է անալիզները, դնում բաժանմունքում՝ բուժքույրերի սեղանին:
Մեղադրող դատախազը նշեց, որ մատյանի զննության արդյունքում պարզվել է, որ անալիզները հունվարի 1-ին պատրաստ են եղել: Ամբատանյալն արձագանքեց, որ մատյանում կարող է գրված լինել, բայց «կարող է թղթի վրա, որ ինձ է հասանելի, չի եղել»: Երեխայի հայրն էլ ամբաստանյալից հետաքրքրվում էր՝ արդյոք թոքերի զննման սարքը «դիստանցիոն» տարբերակ ունի՞: Ի պատասխան ամբաստանյալն ասաց, որ գիտությունն այդ աստիճանի չի զարգացել: Հայրն էլ ասաց, որ ուղղակի ուզում է հասկանալ, թե դռան մոտից ինչպես է լսել երեխային: Զարինե Այվազյանն էլ ասաց, որ մոտեցել է, երեխային զննել է:

Դատավորն էլ հետաքրքրվեց՝ արդյոք պատմագրում նշվա՞ծ է, որ նշանակված է եղել անալիզ, ինչին ամբաստանյալը դրական պատասխան տվեց: Հաջորդ հարցին՝ արդյոք դա պարտադիր չի դարձնո՞ւմ, որ հետևի քննության պատասխանի ստացմանը. «Ես հետևել եմ, և երբ տեսել եմ, որ անկետայում չկան պատասխանները, հրահանգը տրվել է, որ բերեն անալիզի պատասխանը»:

Դիտարկմանը, որ մայրապետը կարող է չկատարել նրա ասածը, կարող էր զանգահարել լաբորատորիա, և հարցին, թե ինչո՞ւ չի օգտագործել իր իրավունքը, ամբաստանյալն արձագանքեց. «Ախր բոլոր հիվանդներին հերթով զանգահարել և ասել՝ այս անալիզը բերեք, այդպես չի լինում աշխատանքի ընթացքում»:

Պաշտպան Երեմ Սարգսյանի հարցին՝ անալիզը ստանալու հրատապություն եղե՞լ է՝ երեխայի վիճակից ելնելով, Զարինե Այվազյանը պատասխանեց. «Ոչ»:

Մեղադրող դատախազ Դավիթ Կարապետյանը միջնորդեց դատարան հրավիրել և հարցաքննել դիակի դատաբժշկական փորձաքննություն կատարած փորձագետին, ինչպես նաև կրկնակի հանձնաժողովային փորձաքննությանը մասնակցած փորձագետներից մեկին: Ինչպես տուժողի ներկայացուցչի իրավահաջորդի ներկայացուցիչը, այնպես էլ պաշտպանական կողմը չառարկեցին միջնորդության դեմ:
Դատարանը միջնորդությունը բավարարեց մասնակիորեն՝ նշելով, որ կրկնակի հանձնաժողովային փորձաքննությանը մասնակցած փորձագետներից մեկին հարցաքննելու անհրաժեշտություն չի տեսնում՝ նկատի ունենալով, որ այդ հանձնաժողովի նախագահը հարցաքննվել է: Դատարանը բավարարեց դիակի դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետին հարցաքննելու միջնորդությունը:

Մահացած երեխայի հայրը՝ Գեորգի Միսակյանը միջնորդեց դատարան հրավիրել և հարցաքննել ապահովագրության փորձագետին, ում, իր խոսքով՝ ինքը զանգահարել և ասել է, որ հիվանդանոցում բժիշկները ոչինչ չեն անում: Մեղադրող դատախազը չառարկեց միջնորդության դեմ: Ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ վկան կարող է ասել անհանգսատացած խոսելու մասին, բայց դա որքանո՞վ առնչություն ունի անձանց կողմից գործողություն կատարելու կամ չկատարելու հետ: Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը:
Դատարանը բավարարեց նաև դատախազի միջնորդությունները՝ դատարան հրավիրել և հարցաքննել երկու օրերի մայրապետերին:

 

Տեսանյութեր

Լրահոս