Բագրատ Ենգիբարյան. Դեկտեմբերից կգործեն Վանաձորի և Արցախի տեխնոլոգիական կենտրոնները

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հոկտեմբերի 31-ին Բիզնես ինովացիոն ֆորումում նշեց, որ խրախուսելի է տեխնոլոգիական գործընթացների զարգացումը Հայաստանի մարզերում և Արցախում։ «Այսօր «Այբ» և «ԹՈւՄՈ» դպրոցներն իրենց կենտրոններն են ստեղծում Դիլիջանում, Գյումրիում, Արցախում։ Մենք աջակցում և մասնակցում ենք այդ գործընթացներին և աշխատում ենք չկենտրոնանալ Երևանի վրա։ Մեր նպատակն է ապակենտրոնացումն այն իմաստով, որ մարդիկ ոչ միայն չարտագաղթեն Հայաստանից, այլև չլքեն իրենց բնակավայրերը։ Հիմնականում ինչպե՞ս է ստացվում, որ մարզերից բնակչությունը տեղափոխվում է Երևան։ Ծնողը գիտի, որ դպրոցում մեկ ուսուցիչը կարող է միանգամից հինգ առարկա դասավանդել և ցանկանում է հուսալի կրթություն իր զավակի համար։ Մենք չենք կարող ամեն մարզում մեկ «Այբ» բացել, բայց կարող ենք ամեն շաբաթ ապահովել, որ «Այբի» մաթեմատիկայի ուսուցիչն օնլայն դաս վարի մարզային դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչների հետ», – ասաց պարոն Ենգիբարյանը։

Առաջին մարզային նախագիծը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն է, որը բացվել է բոլորովին վերջերս։ Հաշվի առնելով կենտրոնի հիմնման հաջողված մոդելը՝ շուտով նմանատիպ կենտրոններ են բացվելու նաեւ Վանաձորում և Արցախում։

Լրագրողների հետ զրույցում պարոն Ենգիբարյանը նշեց, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացումը բաղկացած է երկու փուլից՝ տեխնոլոգիական կենտրոնի կառուցումը Հայաստանի ճարտարագիտական համալսարանի վանաձորյան մասնաճյուղի տարածքում եւ բովանդակային ծրագրերը՝ կադրերի պատրաստումն ու բիզնեսին աջակցումը։ Տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը ներառելու է երեք ուղղություն՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, մուլտիմեդիա եւ ճարտարագիտություն։ Գաղափարներ կան տեխնոլոգիական կենտրոնում հիմնել նաեւ քիմիայի ուղղությունը։

«Դեկտեմբերից կենտրոնը գործելու է համալսարանի շենքում, իսկ նոր կառուցվող շենքը պատրաստ կլինի 2016 թվականին», – հայտնեց Բագրատ Ենգիբարյանը։

Նաև հավելեց, որ Վանաձորի տեխնոլոգիական կենրոնը հիմնելիս իրենք աշխատել են նույն սկզբունքներով, ինչ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործարկման ժամանակ։

Արցախի տեխնոլոգիական կենտրոնը նույնպես կգործի դեկտեմբերից։ Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ Արցախի կենտրոնի հիմանդրումը շատ կարևոր էր նաև գաղափարական տեսանկյունից։ «Մտավախություններ կային, որ Հայաստանից մասնագետներ չեն գա Արցախ աշխատելու կամ արտասահմանյան կազմակերպություններն իրենց մասնաճյուղերը չեն բացի արցախյան կենտրոնում։ Սակայն այդ մտավախությունները չարդարացան, Արցախի տեխնոլոգիական կենտրոնում տեղափոխվելու են համաշխարհային մեծության ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ Synergy ընկերության ներկայացուցիչները», – հայտնեց պարոն Ենգիբարյանը։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրենը հայտնեց նաեւ, որ Կապան քաղաքում հիմնվել է տեխնոլոգիական լաբորատորիա, որը զբաղվում է բջջային եւ վեբ տեխնոլոգիաներով։ Տեխնոլոգիական կենտրոնի հիմնադրում Կապանում դեռեւս չի նախատեսվում։

Տեսանյութեր

Լրահոս