ԵՏՄ-ին միանալուն կարող է դեմ քվեարկել ընդամենը 7 պատգամավոր

Ըստ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի, Հայաստանի և ԵՏՄ-ի միջև հոկտեմբերի 10-ին ստորագրված համաձայնագիրը դեռ ԱԺ չի տարվել, քանի որ այն դեռ չի ստացել ՍԴ դրական եզրակացությունը. ՍԴ-ն չի որոշել՝ այդ համաձայնագիրը համապատասխանո՞ւմ է ՀՀ Սահմանադրությանը: ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանն ասում է, որ համաձայնագիրը ՍԴ-ն դեռ չի քննարկել, և առայժմ հայտնի չէ, թե երբ կքննարկվի:

Ըստ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի, մինչև ՍԴ հասնելը ստորագրված համաձայնագիրը պետք է անցնի մի քանի պարտադիր ընթացակարգեր, որոնցից ամենակարևորը, թերևս, Արդարադատության նախարարության եզրակացությունն է: Կասկած չկա, որ Արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն կտա այս համաձայնագրին, և Սահմանադրական դատարանն էլ կորոշի, որ այն լիովին համապատասխանում է մեր Սահմանադրությանը, չնայած որոշ գործիչների պնդումներին, որ այդ համաձայնագրի վավերացումը հակասահմանադրական է այնքանով, որ էականորեն սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը:

ԱԺ-ում կարծում են, որ առաջիկա քառօրյայում` նոյեմբերի 10-13-ը, համաձայնագիրը չեն հասցնի քննարկել, և կառավարությունն, ամենայն հավանականությամբ, նոյեմբերին արտահերթ նստաշրջան կհրավիրի համաձայնագիրը և էլի մի քանի օրենքների նախագծեր քննարկելու և վավերացնելու համար: Բայց ԱԺ պատգամավորներն արդեն սկսել են ենթադրություններ անել, թե քանի պատգամավոր դեմ կքվեարկի այս համաձայնագրի վավերացմանը:

Միանշանակ դեմ քվեարկողների մեջ են «Ժառանգություն» խմբակցության երեք անդամները` նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Զարուհի Փոստանջյանը և Թևան Պողոսյանը: Նրանք չեն թաքցնում, որ դեմ են քվեարկելու համաձայնագրի վավերացմանը և բացահայտ հայտարարում են իրենց դիրքորոշման մասին: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հավանաբար չի մասնակցի քվեարկությանը, քանի որ նա հոգով և սրտով կողմ է այս համաձայնագրի վավերացմանը, բայց մյուս կողմից` չի կարող դեմ դուրս գալ կուսակցության պաշտոնական տեսակետին:

Կարդացեք նաև

Իսկ «Ժառանգությունը» պաշտոնապես հայտարարել է, որ իրենք կողմ կլինեն այս համաձայնագրի վավերացմանը, եթե մինչ այդ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը: Քանի որ դա գրեթե անհնար է, ապա այս կուսակցության դիրքորոշումը կլինի դեմ, և խմբակցության ղեկավարը հավանաբար կնախընտրի ոսկե միջինը ու չի մասնակցի քվեարկությանը: Այս համաձայնագրին դեմ քվեարկելու մասին է հայտարարում նաև «Ժառանգությունից» դուրս եկած և այժմ որպես անկախ պատգամավոր հանդես եկող Խաչատուր Քոքոբելյանը:

Հնարավոր է, որ համաձայնագրի վավերացմանը դեմ քվեարկեն նաև ՀԱԿ խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանը և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: ՀԱԿ մյուս անդամները փորձելու են ցույց տալ, որ իրենք այնքան էլ միանշանակ դիրքորոշում չունեն այս հարցում, և իրենց քվեարկությունը կախված է լինելու մի քանի սկզբունքային հարցերի պատասխաններից: Եթե «Ժառանգության» նախապայմանը ԼՂՀ ճանաչումն է, ապա ՀԱԿ-ը կարող է շատ ավելի համեստ նախապայման առաջադրել, մասնավորապես` ՀԱԿ-ի համար սկզբունքային է լինելու Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ չտեղադրելու հարցը:

Քանի որ Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ բազմիցս հավաստիացրել են նման մաքսակետի տեղակայման անհնարինության մասին, ապա կարելի է ենթադրել, որ ՀԱԿ խմբակցության անդամ մյուս հինգ պատգամավորները կողմ են քվեարկելու համաձայնագրի վավերացմանը:

Հավանական դեմ քվեարկողների մեջ է հաշվվում է նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Իհարկե, խորհրդարանում էլի պատգամավորներ կան, ովքեր սկզբունքորեն դեմ են այս համաձայնագրի կնքմանը և վավերացմանը, բայց հանգամանքների բերումով` նրանք չեն կարող հրապարակային արտահայտել իրենց դիրքորոշումը: Օրինակ, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում այն փաստը, որ, ասենք, ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այս համաձայնագրի վավերացման ամենասկզբունքային հակառակորդներից է: Կամ ինչպե՞ս կարող է այս համաձայնագրի վավերացմանը կողմ լինել ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ Եվրոինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Բայց նրանք, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի այս համաձայնագրի քվեարկությանը, որովհետև ԲՀԿ խմբակցությունը պետք է ցույց տա և իր քվեարկությամբ ապացուցի, որ հանդիսանում է հայ-ռուսական դարավոր բարեկամության կողմնակիցն ու ջատագովը: Ավելորդ է անգամ խոսել այն մասին, որ դեմ քվեարկություն կարող է լինել խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող ՀՀԿ-ում: Մինչև 2013թ. սեպտեմբերի 3-ն այս խմբակցությունում միայն երկու-երեք պատգամավոր էր հրապարակայնորեն դեմ արտահայտվում Հայաստանի Եվրոինտեգրացիային, իսկ մյուսները դրա սկզբունքային կողմնակիցներն էին: Բայց հիմա ՀՀԿ-ում միակարծիք են Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու անհրաժեշտության պատմական ճշմարտացիության մեջ: Դեմ քվեարկողներ չեն լինի նաև ՕԵԿ-ում և ՀՅԴ-ում:

Այսպիսով, կարելի է ասել, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին համաձայնագիրը խորհրդարանում քվեարկության դնելու դեպքում դրան դեմ կարող է քվեարկել լավագույն դեպքում 7 պատգամավոր, այսինքն` խորհրդարանի մոտավորապես 5 տոկոսը կամ մի փոքր ավելի: Շա՞տ է սա, թե՞ քիչ: Եթե մի պահ պատկերացնենք, որ այս հարցը դրվեր համաժողովրդական քվեարկության, ապա արդյունքները կարող էին շատ քիչ չափով տարբերվել հօգուտ դեմի: Բայց այդ տարբերությունն այնպիսին չէր լինի, որպեսզի հնարավոր լիներ ասել, որ խորհրդարանը գոնե այս հարցում չի արտահայտում հանրային տրամադրությունները:

Հ.Գ. Ի դեպ, նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի ռուս մասնակիցներն ասում էին, որ ԵՏՄ-ն ունենալու է սեփական խորհրդարանը, քանի որ միայն կազմակերպության անդամ երկրներից ընտրված ներկայացուցչական մարմինը կարող է զբաղվել օրենսդիր աշխատանքով և ստեղծել օրենքներ, որոնք պարտադիր կլինեն կազմակերպության անդամ երկրների համար: Հայ խորհրդարանականները ԵՏՄ-ի հետ ստորագրված համաձայնագրի վավերացման ժամանակ հնարավորություն կունենան ինքնադրսևորվելու` որպես այդ միության կողմնակիցներ, որպեսզի ապագայում հնարավորություն ունենան տեղ զբաղեցնելու միութենական խորհրդարանում: Տեղերը Հայաստանի համար խիստ սահմանափակ են լինելու:

Տեսանյութեր

Լրահոս