Հարցը տեղին է բարձրացված. Ա. Սաքունցը՝ Ն.Զոհրաբյանի՝ ԵՄ-ից դրամաշնորհ ստացող որոշ հ/կ-ների անգործության մասին
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել էր ԵՄ խորհրդատվական խմբի շրջանակներում Հայաստան այցելած փորձագետների հետ, որի ընթացքում անդրադարձել էր նաև ԵՄ-ի կողմից դրամաշնորհներ ստացած որոշ հ/կ-ների՝ նշելով, որ նրանց աշխատանքի արդյունքն իր համար տեսանելի չէ:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գտնում է՝ հարցը տեղին է բարձրացված, այն իմաստով, որ, եթե կազմակերպությունն իր առաքելության մեջ ներառել է ժողովրդավարության ամրագրում, մարդու իրավունքներ, քաղաքացիական հասարակության զարգացում և այլ հարցեր, սրանք այն նպատակներն են, որոնք լիարժեք կարող են տեղավորվել եվրոպական հարաբերությունների սերտաճման, ինտեգրման շրջանակներում և ոչ թե Եվրասիական տնտեսական միության շրջանակներում.
«Բնականաբար, եթե Եվրոպական միությունը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, նրա՝ հակաժողովրդավարական, մարդու իրավունքներին խախտման ուղղությամբ, քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեության սահմանափակման ուղղությամբ, շատ տարօրինակ կլիներ, եթե նման պատժամիջոցների կիրառմանը զուգահեռ՝ ինքն աջակցեր այն ինստիտուտներին, որոնք միանշանակ աջակցում են Եվրասիական տնտեսական միության ինտեգրմանը:
Ավելին, ոչ միայն աջակցում են, այլև դեմ են դուրս գալիս ժողովրդավարական սկզբունքներին, մարդու իրավունքներին և այլն: Այսինքն՝ ես գտնում եմ, որ հարցադրումը տեղին է, ուղղակի կիրառման մեխանիզմն առանձին հ/կ-ների դեպքում մի քիչ դժվար է, որովհետև, եթե այդ հ/կ-ները ներկայացնում են ֆինանսական աջակցություն ստանալու համար ինչ-որ ծրագիր, պետք է ոչ միայն ծրագրին նայել, այլ նաև հ/կ-ի գործունեությանը, ասենք, առնվազն վերջին 1 տարվա ընթացքում տվյալ հասարակական կազմակերպության պաշտոնական դիրքորոշումները, մոտեցումները, գնահատականները, գործողությունները: Գտնում եմ՝ սա հարց է, որի շուրջ Եվրամիությունը պետք է ուղղակի ուշադիր լինի»:
Ա. Սաքունցը նշեց, որ իրենց հ/կ-ն ընդհանրապես Եվրամիությունից որևէ դրամաշնորհ չի ստանում, և չեն էլ ստացել:
Նա կարծում է, որ թեև Հայաստանն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, Եվրամիությունը, այնուամենայնիվ, պետք է շարունակի համագործակցությունը Հայաստանի հետ. «Եթե չշարունակվի, մենք ընդհանրապես կընկնենք մեկուսացման մեջ: Բայց հ/կ-ների մակարդակով դա մի քիչ այլ խնդիր է, որովհետև հ/կ-ների դաշտը շատ ավելի բազմազան է, և այնտեղ այդ մոտեցումների կիրառումը բոլորովին այլ իմաստ ունի»:
Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն այդ հ/կ-ների աշխատանքի հանրագումարն ամփոփել էր այսպես. տարին մի քանի անգամ կազմակերպել ինչ-որ մի կոնֆերանս, սեմինար՝ եվրոպական ինտեգրման թեմայով, կազմակերպել քննարկում այն մասին, թե ի՜նչ լավ է, որ մենք եվրոպական արժեհամակարգ կրող երկիր ենք, այդ սեմինարներին, կոնֆերանսներին ապահովել հնարավորինս ներկայացուցչական կազմ՝ խորհրդարանից, կառավարությունից և քաղաքացիական հասարակությունից, և դրանով իրենց առաքելությունը համարել ավարտված:
Ա. Սաքունցից հետաքրքրվեցինք, թե բացի դրանից, ի՞նչ պետք է անեն այդ հ/կ-ները: Նա նշեց, որ ամեն մեկն ինքն է ընտրում իր գործունեության ձևը. «Քաղաքացիական հասարակության ընտրություններն ազատ են: Ուղղակի դրամաշնորհ տվողը, այսինքն՝ ֆինանսավորողը, ինքն է որոշում, թե ինչ նպատակներով է տալիս, ու ինքն է նաև պատասխանատու իր ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման համար: Եթե պատգամավորը նման հարց է բարձրացնում, նա մտահոգություն է հայտնում՝ զուտ դրամաշնորհ տվող կազմակերպության շահերից ելնելով, բայց չպետք է դա լինի այնպես, որ ընդհանրապես աջակցություն չտան»: